Monday, November 14, 2011

Իրանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է իրանցի գեներալը. Թեհրանը մեղադրում է Վաշինգտոնին և Թել Ավիվին

Tert.am. 14-11-2011- Իրանում օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 17 զինվորականների թվում է գեներալ Հասան Թեհրանի Մուքադեմը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է IRNA գործակալությունը, հայտարարել է Իրանի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության նախագահ Գոլամ Ռըզա Ջելալին։
Ջելալին նշել է, որ իրանցի ինժեներները համակարգիչներում հայտնաբերել են ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) և իսրայելական Mossad–ի կողմից մշակված Duqu վիրուսը, որի պատճառով էլ տեղի է ունեցել պայթյունը։
Ըստ իրանական ԶԼՄ–ների՝ զոհված գեներալը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռների գծով մասնագետ էր։
Միևնույն ժամանակ արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ պայթյունը տեղի է ունեցել ոչ թե սովորական զինապահեստում, այլ ռազմակայանում, որտեղ պահվում են «Շահաբ» տեսակի հրթիռներ։ Այս տեղեկությունը, սակայն, հերքել է իրանական «Ֆարս» գործակալությունը։
Time պարբերականի հետ զրույցում արևմտյան հետախուզական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում, ասել է, թե իրանական ռազմակայանում տեղի ունեցած պայթյունը եղել է սաբոտաժի արդյունք։
«Մի հավատացեք իրանցիների այն հայտարարություններին, թե պայթյունը տեղի է ունեցել վթարի հետևանքով։ Նոր սաբոտաժային գործողություններ են իրականացվելու՝ Իրանի միջուկային ծրագիրը վնասելու համար»,– ասել է հետախուզության ներկայացուցիչը։
Մեկնաբանելով Իրանում տեղի ունեցած պայթյունը՝ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հույս է հայտնել, որ նման դեպքերը Իրանում կունենան շարունակություն։
«Հուսով ենք, որ Իրանում կլինեն նոր պայթյուններ»,– ասել է Էհուդ Բարաքը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ պայթյուններ էին տեղի ունեցել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի` Թեհրանի մերձակայքում գտնվող ռազմակայանում, ինչի հետևանքով զոհվել է 17 մարդ։

No comments: