Wednesday, November 9, 2011

Իրանի դեսպանը ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղարի պատրաստած զեկույցը «պատմական սխալ» է որակել

«Իրանը ատոմային ռումբ ստեղծելու կարիք չունի, եթե Իրանը ցանկանա ինչ-որ բան ստեղծել, ապա ոչ ոքից չի վախենա, եթե ցանկություն ունենա որևէ մեկին հարվածելու, ապա դա անաղմուկ կիրականացնի»:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` այսօր Իրանի Չհարմահալե Բախթիարի նահանգ կատարած այցելության ժամանակ ժողովրդի հետ հանդիման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Իրանի նախագահը, նշել է, որ իրանցիները ձգտում են արդարությանը, բարոյական և մշակութային արժեքներին:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլթանիեն, «ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղար Յուկիայի Ամանոյի պատրաստած զեկույցին, նշել է. «Ամանոն գործել է ԱԷՄԳ հիմնարար սկբունքներին հակառակ, նա իր գործած «պատմական սխալի» արդյունքները կտեսնի»:
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ամանոյի պատրաստած զեկույցին է անդրադարձել նաև ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերին, ով նշել է, որ ԱԷՄԳ-ը պետք է գործի իրավական և տեխնիկական սկզբունքների հիման վրա, սակայն այդ կազմակերպությունը դարձել է ԱՄՆ-ի քաղաքական նպատակների արտահայտման գործիք:
Հիշեցնենք, որ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին երեկ Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, ի պատասխան միջուկային խնդրի առնչությամբ հնչած հարցին, պատասխանել էր. «ՄԱԳԱՏԷ-ի նպատակն է Իրանին ճնշումների ենթարկել: Այդ ճնշումները երբեք չեն կարողացել խարխլել ավելի քան 3 հազար տարվա գրավոր պատմություն ունեցող Իրանի կամքը»:

No comments: