Wednesday, November 9, 2011

Իրանի դեմ պատերազմի դեպքում Իսրայելի կորուստները չեն գերազանցի 500 մարդը. Էհուդ Բարաք

1in.am. 9-11-2011- Իսրայելական Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ իսրայելական հետախուզական տվյալները փոքր դեր չեն խաղացել երեկ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱԷՄԳ-ի հրապարակած զեկույցում։ Նույնը վերաբերում է ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների հատուկ ծառայություններին։
Այս կապակցությամբ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հայտարարել է. «Ես կարող եմ ասել, որ մենք Իրանի մասին շատ ավելի լավ ենք իրազեկված, քան Washington Post-ի թղթակիցներն ու ԱԷՄԳ-ի տեսուչները։
Ինչ վերաբերում է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցներին, ապա ԱԷՄԳ-ի զեկույցի մանրամասները հայտնի էին վաղուց։ Ես կասկածում եմ, որ միջազգային հանրությունը վճռականություն կցուցաբերի անհրաժեշտ ուժեր մոբիլիզացնելու հարցում։ Այդ գործընթացը պահանջում է լուրջ և հետևողական նախապատրաստություն։ Բացի այդ, դրան պետք է աջակցեն Հնդկաստանն ու Չինաստանը։
Ամեն դեպքում, չպետք է բացառել իրանական խնդրի լուծման և ոչ մի տարբերակ։ Իսրայելը շահագրգռված չէ Իրանի դեմ պատերազմում։ Անգամ Իրանի դեմ պատերազմի դեպքում իսրայելական կողմի կորուստները չի գերազանցի 500 մարդը։ Ոչինչ չի սպառնում հրեական պետության գոյությանը։ Մենք Մերձավոր Արևելքի ամենաուժեղ պետությունն ենք»։
Հիշեցնենք, որ Բարաքը հերքել էր ԶԼՄ-ներում շրջանառության մեջ մտած այն տեղեկատվությունը, թե Իսրայելում որոշում են ընդունել հարձակվել Իրանի վրա։

No comments: