Tert.am. 16-11-2011- Հայաստանը վաղ թե ուշ դուրս է գալու Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից։ Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մոսկվայի Քարնեգիի կենտրոնի գիտնորհրդի անդամ, հայտնի քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն։«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ընթանալու է բազմավեկտոր ճանապարհով ԱՄՆ–ի, Ռուսաստանի, Թուրքիայի և հակամարտության կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ։ Այդ պատճառով կարծում եմ՝ դա երկար և ժամանակատար գործընթաց է»,– ասել է պրոֆեսոր Ալեքսեյ Մալաշենկոն՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանների հարցը վաղ թե ուշ լուծվելու է։
«Հայաստանը դուրս է գալու իր կողմից զբաղեցված տարածքներից։ Դա քննարկման իրական թեմա է, որը հասկանում է նաև Երևանը։ Սակայն նա իր խաղն է խաղում Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների առնչությամբ։ Կրկնում եմ՝ 7 շրջանների հարցը գտնելու է իր լուծումը»,– ասել է ռուս քաղաքագետը։
Ընդգծելով, որ ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է գտնել նոր բանաձև, Մալաշենկոն ասել է. «Ես առայժմ չեմ տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիներ։ Բանն այն է, որ այստեղ առկա է Լեռնային Ղարաբաղի ճանաչման–չճանաչման հարցը։ Այդ խնդրի լուծման միակ ճանապարհը նոր՝ 3-րդ բանաձև փնտրելն է։ Առայժմ որևէ հանճար այդ բանաձևը չի գտել։ Ընդհանուր առմամբ, ողջ աշխարհում առկա են չլուծված հակամարտություններ, օրինակ, Մերձավոր Արևելքում՝ Իսրայելն ու Պաղեստինը »։
Ռուսա քաղաքագետը նշել է, որ գլխավորը ոչ թե հակամարտության կարգավորումն է, այլ՝ իրավիճակի և կողմերի վերահսկողությունը։
«Այսօր Լեռնային Ղարաբաղում չկան ռազմական գործողություններ։ Այդ պատճառով պատերազմ չի լինի, հակառակ դեպքում այն կողմերի համար ողբերգական կլինի։ Այդ պատճառով պետք է շարունակվեն պատերազմ թույլ չտալուն և կողմերին վերահսկելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,– ասել է Ալեքսեյ Մալաշենկոն։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment