Friday, November 18, 2011

ԱՆԳԱՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԵՄ-Ն ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ, ԱՅԼ ՈՉ ԹՈՒԼԱՑՆԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

«ԱԶԳ», 18-11-2011- Չնայած Եվրոմիության տարածքում երկրորդ տնտեսական ճգնաժամի հավանականությանը, ԵՄ-ը ցանկանում է ամրապնդել, այլ ոչ թուլացնել իր հարաբերությունները նոր գործընկերների հետ:
Երեկ Երեւանում գտնվող ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով հավանական ճգնաժամի դեպքում արեւելյան գործընկերներին, այդ թվում` Հայաստանին ֆինանսական աջակցության հնարավոր նվազեցման մասին հարցին, շեշտեց նաեւ, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները միայն դրամով չեն չափվում:
էշթոնի խոսքերով, Եվրոմիությունն ամեն պարագայում նախընտրում է հասկանալ, թե ինչ հնարավոր համագործակցության ոլորտներ կան, հատկապես որ դրա ամրապնդմանն են ուղղված նաեւ ազատ առեւտրին առնչվող համաձայնագրի բանակցությունները:
Ինչ վերաբերում է ԵՄ-Հայաստան վիզային ռեժիմի դյուրացման գործընթացի ձգձգման մասին խոսակցություններին, ապա ԵՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ գործընթացն ընթանում է իր հունով: Էշթոնի բացատրությամբ, կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, որոնց լուծմամբ նոր միայն կարելի է առաջ գնալ վիզային ռեժիմի դյուրացման հարցում:
Նախարար Նալբանդյանն, իր հերթին, ասուլիսում նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները հիմնված են նույն արժեհամակարգի վրա, նաեւ նույն տրամադրվածության` շարունակելու եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխումները Հայաստանում: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ մեկ շաբաթից Բրյուսելում տեղի կունենա Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստը, որի ընթացքում կամփոփվեն Եվրոմիության հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ վերջին մեկ տարում ձեռնարկված քայլերը:

No comments: