Saturday, November 19, 2011

Սերժ Սարգսյանի դասերը

«Լրագիր» 18-11-2011- ՀՀԿ Խորհուրդը որոշել է Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցում չշտապել, այլ սպասել քրեական գործի ընթացքին: Առաջին հայացքից դա միանգամայն տրամաբանական որոշում է: Քանի դեռ պաշտոնյայի մեղքը ապացուցված չէ, ինչպես կարող ես նրան մեղադրել խուլիգանության համար եւ ազատել պաշտոնից:
Բայց, հարց է առաջանում, թե ինչպես կարողացան նույն բանն անել Գագիկ Բեգլարյանի պարագայում: Չէ որ Բեգլարյանի դեպքում իշխանությունը չսպասեց քրեական գործի, նույնիսկ չհարուցեց քրեական գործ, այլ նրան պաշտոնանկ արեց միանգամից:
Միգուցե այն պատճառով, որ Բեգլարյանը «տղամարդավարի» խոստովանել է իր արարքը, իսկ ահա Սուրիկ Խաչատրյանն իր արարքը հերքում է, համառում: Երեւի դրա համար էլ Բեգլարյանի դեմ քրեական գործ չհարուցեցին, գնահատելով նրա «ազնվությունը»:
Չի բացառվում նաեւ, որ Բեգլարյանը գուցե հասկացել է իրավիճակն ու գիտակցել, որ տեղի է ունեցել մի բան, որը առիթ է, ոչ թե պատճառ, իսկ պատճառը նոր ժամանակն է, իշխանության նոր մարտահրավերները, ի վերջո ներիշխանական նոր ստատուս քվոն, որին առնվազն տվյալ պահին դիմադրելը կլիներ անիմաստ:
Սուրիկ Խաչատրյանն այդ ամենից գուցե գլուխ չի հանում՝ իշխանական իրավիճակ, մարտահրավեր, ստատուս քվո: Եվ, քրեական գործը թերեւս հարուցվել է ոչ այնքան նրա խուլիգանության՝ առավել եւս, որ կարծես թե առաջին անգամն էլ չէ այդ խուլիգանությունը, դատելով մամուլի հրապարակումներից, այլ հենց այդ ամենը չգիտակցելու համար:
Ընդ որում, թերեւս հաշվարկն այն էլ չէ, որ քրեական գործի ընթացքում Խաչատրյանը կգիտակցի եւ կհասկանա, որ նոր իրողություններին դիմադրելն անիմաստ է: Բուն հաշվարկն այլեւս Սուրիկ Խաչատրյանից դուրս է, նրա պաշտոնավարման օրերը թերեւս անկասկած հաշված են: Բուն հաշվարկը նրանց վրա է, ովքեր դեռ մնում են, բայց կանգնած են հերթի մեջ եւ հերթն էլ անխուսափելիորեն առաջ է շարժվում: Հաշվարկը թերեւս այն է, որ նրանք գիտակցեն, թե ինչ է ներիշխանական նոր ստատուս-քվո, իշխանության նոր մարտահրավեր, նոր իրողություններ Հայաստանում եւ աշխարհում, գիտակցեն ու հասկանան դիմադրելու անիմաստությունը:
Սուրիկ Խաչատրյանը այժմ իշխանական համակարգի առաջ երեւի թե որպես օրինակ է դրված, որպես ականջի օղ, որպես դաս, որ պետք է սերտի համակարգը վերադասավորման հերթական ալիքից կամ փուլից առաջ:
Ներկայում խոսակցություն կա այն մասին, որ համակարգ կարող է վերադառնալ Գագիկ Բեգլարյանը: Իհարկե քիչ հավանական է, որ Սերժ Սարգսյանն իր իսկ ձեռքով ստորագրի իր կապիտուլյացիան, թեկուզ մասնավորապես Բեգլարյանի հարցում, բայց չի էլ բացառվում, որ Բեգլարյանն օրինակ վերադարձել է բավական դասեր սերտած, այլ կերպ ասած՝ վերադարձողը, եթե այդուհանդերձ վերադառնա, կլինի բոլորովին ուրիշ Բեգլարյան՝ լավ, թե վատ, դա իհարկե հասարակությունը չի չափի, կչափի Սերժ Սարգսյանը:
Բանն այն է, որ այդ դեպքում հասարակությունն արդեն Սերժ Սարգսյանին կչափի, կամ ավելի շուտ կհավաստիանա իր մինչ այդ «չափածի» ճշմարտացիության մեջ: Այնպես որ, Բեգլարյանին վերադարձնելուց, Սարգսյանը թերեւս պետք է դա էլ նկատի ունենա:
Դա իմիջիայլոց, իսկ ներկայում կարծես թե Սերժ Սարգսյանը ոչ թե դաս է սերտում, այլ ինքն է փորձում դաս տալ համակարգին: Պարզապես, Սերժ Սարգսյանի համար ինչպես համակարգին դաս տալն է ներկայիս իրավիճակում կենսական անհրաժեշտություն իշխանության խնդրի տեսանկյունից, այնպես էլ դաս սովորելը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: