Saturday, November 19, 2011

«ԵԹԵ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ Է ԼԻՆԵԼՈՒ ՍԻՐԻԱՅՈՒՄ, ԹՈՂ ԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ»

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #209, 19-11- Ինչպես երեւում է, Սիրիայի առնչությամբ Վաշինգտոնից հանձնարարականներ ստանալը ոգեւորել է Թուրքիային եւ Արաբական լիգայի երկրներին: Մինչ վեջիններս պարտաճանաչ աշակերտի կեցվածքով հանձնարարականներն ավելի լիարժեք կատարելու համար մրցակցում են միմյանց հետ, ասպարեզ է իջնում Սիրիայի «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ղեկավարությունը: Նա, ի դեմս կազմակերպության առաջնորդ Ռիադ Շուֆքայի եւ քաղբյուրոյի ղեկավար Ֆարուկ Թայֆուրի, Ստամբուլում հայտարարում է. «Եթե Սիրիայի դեմ արտաքին միջամտություն է լինելու, ապա ռազմական գործողությունները թող Թուրքիան առաջնորդի»:
ԱՄՆ-ի աչքին սիրունատես երեւալու մղումով արված այս հայտարարությունը յուրատեսակ ներդրում է նաեւ ապագայի համար, քանի որ Սիրիայի «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը վտարանդի է, նրա նշված առաջնորդներն ապաստանել են Ստամբուլում, Թուրքիայի առաջնորդությամբ Սիրիայում ռազմական որեւէ միջամտություն իրականացնելու դեպքում թուրքական իշխանությունները չեն մոռանա վերջիններիս մասին: Ընդ որում, ոչ միայն ցանկալի հայտարարության, այլեւ ապաստանելով Թուրքիայում, թուրքական հետախուզական կառույցներին վերահսկելի լինելու համար:
Շուֆքան եւ Թայֆուրը, ինչպես վկայում է թուրքական «Դունյա Բյուլթենի» կայքէջը, Ստամբուլում հրավիրած մամուլի ասուլիսում պահանջել են թռիչքազերծ գոտի հայտարարել Սիրիայի օդային տարածքը, պատճառաբանելով, թե պաշտպանում է Սիրիայի ժողովրդին, հայտարարել են Թորքիայում տեղակայված Սիրիայի ազատ բանակին իրենց զորակցության մասին, դատապարտել են Սիրիայում թուրքական ներկայացուցչությունների վրա վերջերս կատարված հարձակումները, դժգոհել են, թե Լիբիայի համար ջանք չխնայող աշխարհը Սիրիայի պարագայում, որտեղ իբր հազարավոր խաղաղ բնակիչների է սպանում իշխող վարչակարգը, ծպտուն չի հանում:

No comments: