Saturday, November 19, 2011

Սիրիայի հարցը վճռական փուլու՞մ

«Լրագիր» 18-11-2011- Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերի Գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունից հետո անդրադառնալով Սիրիայի իրավիճակին, ասել է, որ առաջիկա օրերին Սիրիայի իրավիճակը կարող է ենթարկվել փոփոխության:
«Արաբական պետությունների լիգան հստակ հասկացնել տվեց իր դիրքորոշումը, եւ ես վստահ եմ, որ Հորդանանի Աբդուլլահ Երկրորդ թագավորը կհաստատի, որ այժմ եկել է Ասադի հեռանալու ժամանակը», հայտարարել է Էշթոնը:
«Սիրիայի ապագան այժմ կախված է նրանց վրա անհրաժեշտ ճնշումն ուժեղացնելու մեր բոլորիս ընդունակությունից, որպեսզի կանխվի բռնությունը, որպեսզի Սիրիայի իշխանությունը լսի ժողովրդին եւ առաջ գնա բարեփոխումներում: Ես վստահ եմ, որ մենք առաջիկա մի քանի օրերին կտեսնենք իրադարձությունների զարգացում», հայտարարել է Էշթոնը: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Անցյալ շաբաթ Կահիրեում հավաքվել էին արաբական պետությունների Լիգայի առաջնորդները, որտեղ կայացվել էր աննախադեպ որոշում՝ սառեցնել Սիրիայի անդամակցությունը Լիգային, քանի դեռ Դամասկոսը չի ընդառաջի «արաբական խաղաղ նախաձեռնությանը» եւ չի դադարեցնի բռնությունը ընդդիմադիրների նկատմամբ:
Իր հերթին, պաշտոնական Մոսկվան շարունակում է հայտարարել, որ Սիրիայում անցանկալի է լիբիական սցենարի կրկնությունը, նշելով, որ Արեւմուտքը սրում է իրավիճակը, որպեսզի ունենա միջամտելու առիթ: Միեւնույն ժամանակ սակայն, Մոսկվան ընդունում է, որ Սիրիայում իրավիճակը հասնում է արդեն քաղաքացիական պատերազմի: ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել էր, թե Սիրիական ապստամբական բանակի ստեղծումը վկայում է այն մասին, որ իրավիճակը Սիրիայում մտնում է քաղաքացիական պատերազմի փուլ:

No comments: