Saturday, November 19, 2011

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՊԱՏՎՈ» ՄԵԴԱԼԻ ԳԻՆԸ

«ԱԶԳ» , 19-11- Վերջերս Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը Սանկտ Պետերբուրգում «պատվո» մեդալով պարգեւատրել է ներքին ծառայության գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Վորոխին:
Ինչո՞ւ պիտի ռուս գեներալն արժանանար նման ուշադրության: Բանն այն է, որ Ալեքսանդր Վորոխը 1991թ. զբաղեցրել է Ֆիզուլիի շրջանի զինվորական պարետի պաշտոնը: «Ես ուրախ եմ, որ պարգեւատրվում եմ ոչ թե երեխաների, ծերերի եւ կանանց սպանության, այլ նրանց պաշտպանելու համար»,- իրեն քնարականության է տվել ներքին ծառայության արդեն պաշտոնաթող գեներալը:
Մի քանի օր անց Vesti.az-ին տված հարցազրույցում գեներալը խոստովանել է, որ եղել է Ադրբեջանի ՆԳ նախարար Մոհամեդ Ասադովի մտերիմը, կատարել նրա հրամանները: «Ասադովն ինձ հորդորել էր, որ զեկուցագրով դիմեմ հրամանատարությանը եւ խնդրեմ երկարաձգել իմ գործուղման ժամկետը»,- պատմել է Վորոխովը: Հրամանատարությունը, սակայն, երեւի տեղեկացված լինելով, որ խորհրդային բարձրաստիճան սպան խաղալիք է դարձել Ադրբեջանի ՆԳ նախարարի ձեռքին, մերժել է նրա դիմումը: «Եթե իմ գործուղման ժամկետը երկարաձգվեր, ապա ես էլ Ասադովի հետ կզոհվեի ուղղաթիռի աղետի ժամանակ»,- չգիտես` ափսոսանքո՞վ, թե՞ ուրախությամբ պատմել է Ալեքսանդր Վորոխը` նկատելով, որ իր մեկնումից մի քանի օր Աղդամի մերձակայքում զինվորական ուղղաթիռի աղետին «զոհ են գնացել գեներալներ, որոնք նույնպես պայքարում էին արդարության համար»:
Խոսքը 1991 թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած օդային աղետի մասին է, որին զոհ են գնացել Ադրբեջանի նախագահ Մութալիբովի թիմի գրեթե բոլոր ուժայինները: Այդ դեպքն այդպես էլ չի բացահայտվել: Նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն «Ենի մուսավաթ»-ին տված հարցազրույցում անցած օգոստոսին կարծիք էր հայտնել, որ «դրա համար պատասխան պետք է տա Մութալիբովը»:
Գուլուզադեի ասելով` «ուժայինները դժգոհ էին Մութալիբովի անգործությունից»: Նա այդ կերպ ակնարկել է, որ իր մրցակիցներին վերացնելու նպատակով Մութալիբովն է կազմակերպել ուղղաթիռի խորտակումը:
Դա չէ, սակայն, գլխավորը: Մեզ ավելի հետաքրքրական է թվում, որ անկախ Ադրբեջանի խորհրդարանի նախագահը պարգեւատրում է նախկին խորհրդային պատժիչ ուժերի բարձրաստիճան ներկայացուցչին: Դրանով իսկ պաշտոնական Բաքուն, ի հակակշիռ իր իսկ քարոզչության, որ «Մոսկվան պաշտպանել է ղարաբաղյան սեպարատիստներին», ընդունում է, որ ԼՂԻՄ-ում եւ հարակից շրջաններում տեղակայված` ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը ծառայել են Ադր. ԽՍՀ շահերին: Այն է` բռնաճնշել արցախահայության օրինական ձգտումները, ահաբեկել հայկական բնակավայրերն ու տեղահանել մարդկանց:
Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Վորոխը, 1991 թ. ամռանը լինելով Ֆիզուլիի շրջանի զինվորական պարետ, ակնհայտորեն մասնակցել է հարակից Հադրութի շրջանի 14 հայկական գյուղերի բնակչության բռնատեղահանմանը: Իսկ դա մի ռազմագործողություն էր, որին զոհ են գնացել մի քանի տասնյակ ծերեր, կանայք եւ երեխաներ: Եվս մի քանիսի ճակատագիրն առ այսօր մնում է անհայտ:
Ահա սա է «պատվո» մեդալի գինը, որ Ալեքսանդր Վորոխը ժամանակին վճարել է Ադրբեջանին: Եվ իրավասո՞ւ չեն անկախ Արցախի իշխանությունները պահանջելու, որ Վորոխը եւ նմանները ադրբեջանական ԶԼՄ-ներին հարցազրույցներ տալու փոխարեն ենթարկվեն պատասխանատվության` սպայի պատիվն արատավորած լինելու եւ անմեղ հայ բնակչության հանդեպ բռնություններ գործադրած լինելու համար:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: