Wednesday, November 9, 2011

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԵՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ ՊԵՏՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ»

Ռոբերտ Ֆիսքըՙ Հայոց ցեղասպանության մասին

«ԱԶԳ, 09-11-2011 - Անգլիական «Ինդեփենդենթ» թերթի Միջին Արեւելքի թղթակից Ռոբերտ Ֆիսքը ցեղասպանության հարցին անդրադարձել է իր գրքում, որի մասին էլ պատմել է թուրքական «Ռադիկալի» աշխատակից Ասլը Թեքինային: Ի դեպ, նրա հուշագրությունները բաղկացած են 24 մասից, մեկը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:
Ահա թե ինչ է ասել Ֆիսքը. «Ես իմ գրքի Հայոց ցեղասպանությանը նվիրված հատվածը գրի եմ առել անգլիացիների եւ անգլախոս ընթերցողների համար: Այն ժամանակ դեռ գրքիս թուրքերեն թարգմանությունը ծրագրված չէր: Մտավախություն ունեմ, որ հրատարակման դեպքում թուրք ընթերցողը կկենտրոնանա 24 մասից կազմված գրքիս հենց Հայոց ցեղասպանության հատվածի վրա: Միաժամանակ մտածում եմ, որ թուրքերը հզոր ազգ են: Բացի դրանիցՙ ունեմ բազմաթիվ թուրք ընկերներ, որոնք 1915-ի Հայոց ցեղասպանության մասին կարողանում են բացահայտորեն արտահայտվել: Հետզհետե աճում է նաեւ իրենց տատերի հայ լինելը խոստովանող թուրքերի թիվը: Հայերին խորհուրդ եմ տալիս կազմել իրենց կյանքը վտանգելու գնով հայ զոհերին մահից փրկած օսմանյան թուրքերի ցուցակը, որոնց մեջ սովորական ոստիկաններ են, Հալեպի նահանգապետը կամ շարքային թուրք ընտանիքներ:

Հայերին ասում եմ, որ մեծարեն այդ թուրքերին: Կարծում եմՙ նրանց պետք է մեծարեն նաեւ ժամանակակից թուրքերը, քանի որ հայ փրկելով փրկել են օսմանյան վարչակազմի խիղճը: Հայոց ցեղասպանության ճանաչումը, ինչ խոսք, չի երաշխավորի Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Սակայն դա պետք է լինի անդամակցության նախապայմաններից մեկը: Օրինակ, Անգլիան ընդունել է 1840-ականներին Իռլանդիային սովի մատնելու պատասխանատվությունը, Ավստրալիանՙ բնիկների նկատմամբ բռնարարքներինը, իսկ Գերմանիանՙ Հոլոքոսթինը, եւ այդ երկրներից ոչ մեկը դրա համար չի տուժել»:

No comments: