Wednesday, November 9, 2011

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Tert.am. 8-11-2011- Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիին:
Ողջունելով հյուրին՝ Նախագահը ՀՀ և ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները լավ հնարավորություն է համարել երկու երկրների միջև առկա փոխգործակցության հարուստ օրակարգի, ինչպես նաև Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի քննարկման ու նոր ծրագրերի նախանշման տեսանկյունից:
«Ուրախ եմ արձանագրելու, որ հայ-իրանական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա: Աճում է համատեղ ծրագրերի քանակը, ակտիվանում են մշակութային փոխանակությունները»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ գոհունակություն հայտնելով նաև տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ընթացքից:
«Համոզված եղեք, որ Իրանը՝ որպես բարեկամ երկիր, մշտապես հաստատակամ և նվիրված է լինելու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:
ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում զրուցակիցներն անդրադարձել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի և հաղորդակցության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ծրագրերին:

No comments: