Tuesday, November 8, 2011

Իրանը ցանկանում է փչացնել ադրբեջանական «եվրատեսիլը». «Ազադլըգ»

News.am. 8-11-2011- Իրանը որոշակի քայլեր է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա Ադրբեջանում «Եվրատեսիլ 2012»-ի անցկացում, իսկ դա լրջորեն անհանգստացրել է ադրբեջանական իշխանություններին, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով ներիշխանական աղբյուրները: Թերթը նշում է, որ պաշտոնական Բաքուն Իրանի գործողությունները կանխելու համար լիազորել էր Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեին բանակցություններ վարել Իրանի պետական այրերի հետ:
Բանակցությունների ժամանակ շեյխն իրանցի պաշտոնյաներին հավաստիացրել է, որ Ադրբեջանը իսլամական արժեքներով առաջնորդվող պետություն է: Այդուհանդերձ, արդյունքները գոհացուցիչ չեն եղել Ադրբեջանի համար:
«Այն, որ Իրանի մշակույթի նախարարին հրավիրեցին Ադրբեջան եւ Բաքվում անցկացվեցին Իրանի կինոյի օրեր ցույց է տալիս, որ Ադրբեջանն իսկապես անհանգստանում է եւ փորձում է սիրաշահել Իրանին: Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆես Գարաեւը խոսել է իր իրանցի գործընկերոջ հետ: Բանակցությունների ժամանակ իրանցի պաշտոնյան հավաստիացրել է, որ անհանգստանալու առիթ չկա, սակայն Ադրբեջանը շարունակում է կասկածել Իրանին: Այդ իսկ պատճառով էլ ադրբեջանական կողմը նախապատրաստական քայլեր է ձեռնարկում: Փորձագետները կարծում են, որ վերոնշյալ գործողությունների հիմքում ընկած է կրոնական գործոնը»,-եզրափակում է «Ազադլըգը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Իրանի հոգեւոր առաջնորդը Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեին ցույց է տվել, որ չի հավատում նրա առաքելությանը, եւ ընդհանրապես` Իրանը միջնորդի կարիք չունի: Ադրբեջանական «Պոլիգոնը», վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, նշել էր, որ իր այցով շեյխը նպատակ ուներ վերացնել Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առաջացած լարվածությունը ու կարգավորել օրեցօր վատթարացող հարաբերությունները, սակայն նրան ջանքերը հաջողությամբ չեն պսակվել: «Շեյխի ֆանտաստիկ իղձերը ջուրն ընկան: Բուն պատասխանը նրան Խոյից եւ Արդեբիլից է եկել (դրանք բնակեցված են թրքախոս իրանցիներիով, իսկ Ադրբեջանը դրանք համարում է իր տարածքները-խմբ.): Այդտեղ այաթոլաների ունեցած հանդիպման ժամանակ շեյխը հասկացավ, որ նրանք թույնով են լցված Ադրբեջան պետության դեմ»,-գրել էր ադրբեջանական գործակալությունը:

No comments: