Tuesday, November 8, 2011

ԼՂՀ ԱԳՆ. Բանակցային գործընթացը նոր-նոր պետք է մեկնարկի

Ներկայացնում ենք «Արմենպրես» գործակալության թղթակցի հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղիհակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը:
-Հանրահայտ է, որ կազանյան հանդիպման ժամանակ, ինչպես եւ պետք էր սպասել, ադրբեջանական կողմը, առանց չափազանցման, շուրջ մեկ տասնյակ նախապայմանների առաջադրմամբ ուղղակի տորպեդահարեց բանակցային գործընթացը` եւս մեկ անգամ ցուցադրելով իր ոչ կառուցողական դիրքորոշման զինանոցը: Այնպես որ, անիմաստ է խոսել բանակցային գործընթացի ներկա փուլի մասին, որովհետեւ այն նոր-նոր պետք է մեկնարկի: Խոսքն այն մասին է, որ այս ամսվա ընթացքում նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Ենթադրում ենք, որ նրանք տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու նպատակով կարող են նաեւ կողմերի քննարկմանը ներկայացնել առաջարկություններ պարունակող միջոցառումների լրացուցիչ փաթեթ: Թե որքանով դրանք կնպաստեն բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն, դժվար է ասել:

-Հայաստանը հաճախ բարձր մակարդակով հիշեցնում է, որ բանակցություններինԼեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությունն անհրաժեշտություն է: Ի՞նչ եք կարծում,ի՞նչ պետք է տեղի ունենա բանակցային գործընթացում, որ Արցախը վերադառնա բանակցայինսեղան:
-Ասել, որ այսօր մենք չենք մասնակցում բանակցային գործընթացին, ճիշտ չի լինի, քանի որ Մինսկի խմբի համանախագահները, այցելելով տարածաշրջան, լինում են նաեւ Արցախում, հանդիպում են ԼՂՀ նախագահի ու այլ պաշտոնատար անձանց հետ, ներկայացնում են հիմնախնդրի կարգավորման իրենց մոտեցումները, ծանոթանում մեր դիրքորոշմանն ու տեսակետներին: Տվյալ պարագայում խոսքը Արցախ - Ադրբեջան երկխոսության, անմիջական շփումների բացակայության մասին է, որոնց առկայությունը հետագայում կարող է նաեւ, որպես շարունակություն, երկկողմ բանակցությունների տեսք ընդունել: Այս առումով ավելորդ չեմ համարում հիշեցնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից միանգամայն տեղին հնչեցված այն միտքը, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում առանց արցախյան կողմի անմիջական ու լիարժեք մասնակցության անհնար է առաջընթաց ապահովել: Ի դեպ, դրանում համոզվել են բոլորը, թերեւս, բացառությամբ Ադրբեջանի, որը շարունակում է հույսեր փայփայել որեւէ միջազգային կառույցի կամ գերտերության միջամտության շնորհիվ ստիպել հայկական կողմերին միակողմանի զիջումների գնալ:

-Հայտնի նաեւ, որ Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանգործընթացը տեղափոխել այլ ատյաններ, ասենք, Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎենթահանձնաժողով: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նման գործելաոճը:
-Ես այդ հարցի պատասխանը համարյա ձեւակերպեցի նախորդ հարցի պատասխանում, սակայն քանի որ խոսք եղավ ԵԽԽՎ վերակենդանացված ենթահանձնաժողովի մասին, հիշեցնեմ, որ այս կառույցի նախկին հիմնադիրները միանգամայն բարի նպատակ էին հետապնդում: Այն է` հակամարտող հիմնական կողմերին` Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին երկխոսության համար հարթակ տրամադրել: Ճշմարտության առաջ մեղանչած չլինելու համար խոստովանեմ, որ այն ժամանակ այդ կառույցն արդարացրեց իրեն: Անձամբ ես ղարաբաղյան պատվիրակության կազմում մասնակցել եմ երկրորդ լսումներին, ելույթ ունեցել: Իսկ թե հիմա ինչ նպատակ են հետապնդում նրա վերագործարկողները, բավարարվելով միայն Ադրբեջանի պատվիրակության մենախոսությամբ` դատե’ք ինքներդ:

-Վերջերս Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն հայտարարեց, որիր երկիրը կարող է դիտարկել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Ի՞նչ էազդանշում այն, եւ ինչ նոր հնարավորություններ են բացվում ԼՂՀ միջազգային ճանաչմանհամար:
-Անկախության ճանաչման հարցը մեր արտաքին քաղաքականության գերակայություններից է: Այն շարունակում է մնալ մեր օրակարգում, սակայն այն ինքնանպատակ չի կարող լինել: Մենք ընդունել ենք հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը եւ առ այսօր շարունակում ենք հավատարիմ մնալ համանախագահների կողմից առաջադրված խաղի կանոններին այն համոզվածությամբ, որ վաղ թե ուշ ադրբեջանական կողմը նույնպես կհանգի տրամաբանական այն եզրակացությանը, որ մենք երկուսս էլ նույն օրենքի տառին եւ ոգուն համապատասխան ենք հռչակել մեր անկախությունը: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ միջազգային ճանաչման մեր հնարավորություններին, կարող եք չկասկածել` պահը ներկայանալուն պես առկա հնարավորությունները կօգտագործվեն:

-Աստրախանում եւ Սոչիում կայացած գագաթաժողովներից հետո որոշում էր կայացվել`ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած յուաքանչյուր միջադեպ պետք էենթարկվի լրջագույն քննության:
-Այս առումով մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել աջակցություն ցուցաբերել ցանկացած դիտորդական առաքելության ու միջազգային հանձնախմբի: Դրա վառ օրինակներից է 2005 եւ 2010 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂՀ տարածքների դիտարկումների անցկացումը: Ի դեպ, նմանատիպ միջոցառումների անցկացման ծրագրերը միշտ էլ տապալվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Եվ դա օրինաչափ է, քանի որ շփման գծի երկայնքով Ադրբեջանը շարունակում է մնալ լարվածության եւ միջադեպերի նախաձեռնող: Ասել է թե, այս երկրի պետական այրերի համար գրոշի արժեք չունի իր զինվորի կյանքը, եւ ահա թե ինչու ձեռնտու չէ հրադադարի ռեժիմի պահպանումը: Եթե ձեռնտու լիներ, ունկնդիր կլինեին միջազգային հանրության պահանջին եւ առաջին գծից ետ կքաշեին դիպուկահարներին:Մի խոսքով, քանի դեռ ԼՂՀ-ի Ադրբեջանի միջեւ բացակայում են անմիջական շփումները, ցանկացած որոշում, անկախ նրա միջազգային մակարդակից, հենց Ադրբեջանի մեղքով դատապարտված է մոռացության:

No comments: