Wednesday, November 9, 2011

Հայաստանը դառնում է հետաքրքիր

«Լրագիր» 8-11-2011- Երեւում է, Ադրբեջանն ու Թուրքիան դադարում են դիտարկվել որպես տարածաշրջանում հուսալի գործընկերներ, որոնք ունակ են հանուն տարածաշրջանային գործակցության գնալ ողջամիտ փոխզիջումների: Հայաստանն ավելի է սկսել դիտարկվել որպես տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ ինտերգացիոն մեխանիզմների ստեղծման հուսալի ճանապարհ:
Իրանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների գրեթե միաժամանակ Հայաստան կատարած այցերը վկայում են, որ արդեն ոչ միայն Հայաստանն է շահագրգռված տարածաշրջանային նախագծերի մեջ ներգրավվելու հարցում, այլ նաեւ հարեւան երկրները:
Նախ եւ առաջ, դա պայմանավորված է Թուրքիայի եւ Ադրբեջանի չափազանց անհաշտ դիրքորոշմամբ, որոնք Ղարաբաղի հարցում չցանկացան փոխզիջման գնալ եւ չհամաձայնեցին «առանց կարգավորման ինտեգրացիային»: Այդպիսի մոտեցումը կարող էր թույլ տալ տարածաշրջանով կարեւոր ենթակառուցվածքներ անցկացնել, միաժամանակ չգրգռելով պատերազմներ եւ հակամարտություններ:
Դատելով ամեն ինչից, այդպիսի ճանապարհ Բաքվին ու Անկարային առաջարկվել է, բայց նրանք չեն կարողացել հաղթահարել հոգեբանական բարդույթները եւ վեր կանգնել պարզունակ ազգայնականությունից: Հնարավոր է, որ նրանց թվացել է, թե իրենց անզիջումայնությունը կստիպի նահանջել մյուսներին, բայց, թերեւս, ընտրվել է այլ ճանապարհ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի մեկուսացումն ու Հայաստանի մասնակցությամբ նոր ենթակառուցվածքային ուղիների անցկացումը:
Վրաստանի արտգործնախարարի եւ էկոնոմիկայի նախարարների այցը, որոնք խոսում էին, այդ թվում եւ Մեղրիից Բաթումի ավտոճանապարհի անցկացման մասին, խոսում է այն մասին, որ Վրաստանի արեւմտյան հովանավորները շահագրգռված են Հայաստանի հետ համագործակցությամբ:
Եվ Տիգրան Սարգսյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանն ու Վրաստանը գտնվում են միասնական տնտեսական տարածությունում, դարձան վկայություն այն մասին, որ Երեւանը դեմ չէ ենթակառուցվածքների արեւմտյան ճանապարհի մաս դառնալուն:
Ընդ որում, Երեւանը փորձում է դիվերսիֆիկացնել այդ նախագիծը, համաձայնելով նաեւ Իրանի առաջարկած ենթակառուցվածքներին, որոնք տեսականորեն աջակցվում են նաեւ Ռուսաստանից: Խոսքը Իրան-Հայաստան երկաթուղու մասին է, որի մասով, ինչպես կապի ու տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն է հայտարարել, կոնկրետություն կլինի 3-4 ամիս անց: Նախարարը հաղորդել է, որ այդ նախագծի վերաբերյալ բանակցում են Իրանի, Չինաստանի ու Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ միջազգային դոնորների եւ ներդրողների հետ:
Ավելին, Իրանի արտգործնախարար Ալի Աքբար սալեհին Երեւանում հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանը պետք է քննարկեն վիզային ռեժիմի վերացման հարցը:
Տարածաշրջանում տեղի է ունենում բազմաշերտ խաղ, բայց ակնհայտ է, որ Հայաստանի նշանակությունն աճում է: Եթե ենթակառուցվածքային ծրագրերը ավելի շատ Հայաստանին պետք լինեին, ապա Վրաստան եւ Իրան կգնային մեր նախարարները:
Իրանցի եւ վրացի պաշտոնյաների այցը խոսում է այն մասին, որ այդ երկրներն ունեն Հայաստանի հանդեպ հարաճուն հետաքրքրություն:
Համագործակցության երկու վեկտորներն էլ անհրաժեշտ են Հայաստանին, եւ մեր դիվանագիտության խնդիրը պետք է դառնա պայմանների ապահովումը, որ մի վեկտորը չտորպեդահարի մյուսին, եւ որ վերջին խոսքի իրավունքը լինի Հայաստանինը:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: