Wednesday, November 9, 2011

Իրանում հայերը ունեն հատուկ կարգավիճակ եւ հարգված են բոլորի կողմից. Իրանի ԱԳ նախարար

News.am. 8-11-2011- Հայաստանն ու իրանը վճռական են բարեկամական եւ գործնական կապերն ավելի խորացնելու հարցում: Այս մասին այսօր` նոյեմբերի 8-ին, հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` Հայաստանի ԱԺ-ում Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ բոլոր բնագավառները շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: ԱԺ նախագահի խոսքով` ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից հաստատած օրակարգի համաձայն:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանում միշտ բարձր են գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ավանդական ջերմ վերաբերմունքը, որի դրսեւորումներից է նաեւ հայկական մշակութային արժեքների նկատմամբ հոգատարությունը:
Իրանի ԱԳ նախարարը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույնները: «Իրանի համար Հայաստանը վստահելի հարեւան եւ բարեկամ է»,- նշել է պարոն Սալեհին: Տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից կարեւորվեց էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառներում երկկողմ առանցքային նախագծերի իրականացումը: Նա բարձր է գնահատել իրանահայ համայնքի գործունեությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում` նշելով. «Իրանում հայերը ունեն հատուկ կարգավիճակ եւ հարգված են բոլորի կողմից»:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

No comments: