Thursday, November 10, 2011

Ադրբեջանը ստիպում է լեզգիներին լքել իրենց հայրենիքը. լեզգիական կազմակերպություն

News.am. 10-11-2011- «Ռուսաստանի լեզգիների դաշնային ազգային-մշակութային ինքնավարություն» կազմակերպությունը մեղադրում է Բաքվի իշխանություններին լեզգիների դեմ ազգային խտրականության քաղաքականություն իրականացնելու մեջ, գրում է ադրբեջանական «Տրիբունա» գործակալությունը: Աղբյուրը հայտնում է, որ որոշ ժամանակ առաջ ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը քննադատական հոդված է տպել` Ադրբեջանի ժողովրդին ուղղված, քանի որ Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Սերգեյ Գուրջունյանին թույլ չեն տվել ադրբեջանական ազգային AZAL ավիաուղիների ինքնաթիռով, Մոսկվա-Բաքու թռիչքուղով ուղեւորվել Բաքու:
«Ադրբեջանական կողմի համար ոչ մի նշանակություն չունի քաղաքացիությունը, բայց նույնիսկ մի կաթիլ հայկական արյունը նրանց համար հանդիսանում է վայրի անմարդկայնության, ես նույնիսկ կասեի՝ գազանային ատելության առիթ: Հրեաներ պես, ինձ էլ այդ ատելությունը հիշեցնում է Հոլոքոստը»,-ասել էր Սոլովյովը:
«Նոյեմբերի 8-ին Ռուսաստանում գործունեություն ծավալած լեզգիական կազմակերպությունը, մեղադրելով Ադրբեջանի իշխանություններին, ճշմարիտ են որակել Սոլովյովի քննադատությունները եւ հանդես եկել նրա օգտնին հայտարարությամբ: Հայտարարության մեջ Ադրբեջանի իշխանություններին մեղադրել են «քսենոֆոբիայի» եւ «ազգային խտրականության» քաղաքականություն իրականացնելու մեջ: Նշված է, որ նրանք այդպիսի քաղաքականություն են վարում քաղաքացիների, այդ թվում լեզգիների եւ Դաղստանյան այլ ժողովուրդների դեմ»,-գրում է «Տրիբունան»:
Կազմակերպությունը պնդում է, որ ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների` Ռուսաստանը ստեղծել է բոլոր պայմանները ադրբեջանցիների գործունեության համար:
«Ռուսաստանում ապրող ադրբեջանցիները այն համարում են իրենց երկրորդ հայրենիքը: Նրանց բոլոր իրավունքները պաշտպանված են: Սակայն Ադրբեջանը դա չի ընդունում եւ փորձում է լեզգիներին հանել իրենց ծննդավայրից: Ադրբեջանի իշխանությունների կոպիտ ճնշումներին ենթարկվող այդ մարդիկ թողնվել են ճակատագրի քմահաճույքին: Նրանք զրկված են սեփական լեզվով կրթություն ստանալու իրավունքից»,-ասված է հայտարարության մեջ: Շեշտվում է նաեւ, որ ռուսական բոլոր լրատվամիջոցները պետք է պաշտպանեն իրենց լրագրողին եւ հրապարակումներ իրականացնեն` հանդես գալով Ռուսաստանի քաղաքացիների դեմ Ադրբեջանի իշխանության ցուցադրած անիրավությունների քննադատությամբ, գրում է «Տրիբունան»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ազգային փոքրամասնությունների հանդեպ վարվող քաղաքականությունից բողոքել էին Ադրբեջանում բնակվող քրդերը: Այսպես, Ադրբեջանում գործող քրդական «Դիպլոմատ» թերթի խմբագրական կազմը հունիսի 29-ին Մամլո Միջազգային կենտրոնում կոնֆերանս էր անցկացրել, որի ընթացքում մեղադրանքներ եւ քննադատություն էր ուղղել ադրբեջանական իշխանությունների հասցեին: Մասնավորապես կոնֆերանսի մասնակից մի խումբ երիտասարդ քրդեր դիմել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հետեւյալ հայտարարությամբ. «Ադրբեջանում ապրող քուրդ բնակչության շրջանում տիրապետում է այն տեսակետը, որ քրդերեն խոսելու դեպքում քրդերը ճնշումների կենթարկվեն եւ բացասական ընդունելության կարժանան»: Այնուհետեւ նշվել էր, որ Ադրբեջանում քրդերը գտնվում են ոչնչացման վտանգի առջեւ, բացի այդ պահանջ էր ներկայացվել ադրբեջանական իշխանություններին` հնարավորություն տալու քրդերին` կիրառելու սեփական լեզուն, ունենալու դպրոցներ, թատրոն, մշակութային հեռուստաալիքներ եւ այլն:

No comments: