Thursday, November 10, 2011

Կոչ ադրբեջանցիներին. Ուշքի եկեք, ձեզ Քադաֆիի ճակատագրից էլ վատ բան է սպասվում. Ռասուլ Գուլիեւ

News.am. 10-11-2011- «Ուշքի եկեք, Ձեզ Քադաֆիի ճակատագրից էլ վատ բան է սպասվում»,-ասված է Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւի` «Ազադլըգ» թերթին ուղարկած հոդվածում, որտեղ հեղինակը վերլուծության է ենթարկում արաբական հեղափոխությունները եւ Ադրբեջանում ստեղծված դրությունը, գրում է «Ազադլըգը»:
«Պատմությունն արդեն փոխվել է, եւ մեզ համար կարեւոր է հասկանալ եւ ամփոփել արաբական հեղափոխությունների առաջին փուլը: Մենք պետք է հասկանանք անցյալում տեղի ունեցող գործընթացները, քանի որ Ադրբեջանում ստեղծված հասարակական-քաղաքական դրությունը փաստում է, որ եթե իրադրությունը չփոխվի, ապա Ադրբեջանի ճակատագիրը առանձնապես չի տարբերվի մյուս ավտորիտար պետությունների ճակատագրից: Նայեք Ադրբեջանին. 1969-ից այստեղ հաստատվել է Ալիեւների դինաստիան, հենց Քադաֆիի նման, ուղիղ 42 տարի: Ադրբեջանի վերջին 42 տարիների պատմության բացասական կողմերը, ամենաարյունալի դեպքերը, երկրի դեմոկրատացման արգելակումը գլխավորապես կապված են Ալիեւների անվան հետ: Ադրբեջանում առկա մթնոլորտը չի տարբերվում հեղափոխություն ապրած երկրներում ստեղծված իրադրությունից: Ավելին, մի շարք պարամետրերով այստեղ իրավիճակն ավելի վատ է: Արդեն 21 տարի է անկախ ենք, սակայն իրադրությունը նույնն է, դրա համար էլ ժողովուրդն ատում է իշխանություններին, ավելին ժողովուրդը չի հավատում նաեւ ընդդիմությանը, եւ չի ունկնդրում նրա քննադատական ելույթները»,-գրված է հոդվածում, հայտնում է «Ազադլըգը: Իսկ հոդվածն ավարտվում է Ադրբեջանի ժողովրդին ուղղված կոչով` մտածեք եւ ուշքի եկեք, թե չէ հետո ուշ է լինելու...
Նշենք, որ Ռասուլ Գուլիեւը ղեկավարում է «Բաց հասարակություն» կուսակցությունը եւ այժմ էմիգրանտի կարգավիճակով հաստատվել է ԱՄՆ-ում: Նրա անունը վերջերս սկսել է շրջանառվել 2013-ի նախագահական ընտրություններում նախագահի հավանական թեկնածուների հարցի առնչությամբ: Ըստ էության, հենց դրանով է պայմանավորված Գուլիեւի կողմից ցուցաբերվող անակնկալ ակտիվությունը եւ Ադրբեջանի ներքին խնդիրներին միջամտելու փորձերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նախիջեւանյան կլանը սկսել է շանտաժի ենթարկել Իլհամ Ալիեւին, մասնավորապես կլանի առաջին դեմքերը` Ռամիզ Մեհթիեւը եւ Քեմալադին Հեյդարովը, փորձում են քաղաքական ասպարեզ բերել Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիեւին: «Դրա նպատակը բնավ էլ Իլհամ Ալիեւին այլըտրանք ստեղծելը չէ: Իրականում Նախիջեւանյան կլանը Իլհամ Ալիեւին փոխարինելու դեպքում առաջնությունը կտա կամ Մեհթիեւին կամ Հեյդարովին: Սակայն եթե նրանց անունները սկսեն շահարկվել նախագահի հավանական թեկնածուների ցուցակում, ապա վերջիններս լուրջ խնդիրների առջեւ կկանգնեն: Ըստ էության, հենց այդ պատճառով էլ նրանք սկսել են Ռասուլ Գուլիեւի միջոցով շանտաժի ենթարկել Իլհամ Ալիեւին»,-գրել էր «Ազադլըգը»:
Այդ քայլերը կապված է Նախիջեւանյան կլանի մտահոգությունների հետ, որ Մեհրիբան Ալիեւան կարող է դառնալ Ադրբեջանի հաջորդ նախագահը:

No comments: