Saturday, November 19, 2011

Ալեն Ժյուպեն Թուրքիային կոչ է արել «հիշողության պարտքը հատուցել» պատմաբանների համատեղ հանձնաժողովի շրջանակում

Tert.am. 18-11-2011- Թուրքիան ընդունում է Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենի՝ 1915թ. իրադարձություններն ուսումնասիրելու համար համատեղ հանձնաժողով ստեղծելու կոչը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Անկարա» գործակալությունը, Ժյուպենի հետ ունեցած հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։
Դավութօղլուն ասել է, որ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է արել 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման համար ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով, ինչը Թուրքիան ընդունում է։
«Մենք պատրաստ ենք քննարկել պատմությունը։ Սակայն ցանկանում եմ նշել, որ մենք դեմ ենք այնպիսի օրենքների առկայությանը, օրինակ, Ֆրանսիայի Սենատում առկա օրինագիծը, (Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծ,– Tert.am) որոնք անհնար են դարձնելու այդ քննարկումների ժամանակ մեզ պաշտպանելու հնարավորությունը»,– ասել է Դավութօղլուն։
Ալեն Ժյուպեն հիշեցրել է, որ Ֆրանսիայի խորհրդարանը 1915թ. իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ դա բավականին դժվար խնդիր է։
«Մենք չենք ցանկանում որևէ մեկին դաս տալ։ Բոլոր գերտերություններն իրենց անցյալի հետ կապված հիշողության պարտք են հատուցում։ Ֆրանսիան էլ է դա արել։ Դա Թուրքիայի, թուրքերի համար շատ ցավոտ, սակայն միևնույն ժամանակ հայերի համար էլ է շատ ցավոտ ժամանակաշրջան։ Այդ պատճառով ես նշել եմ, որ հիշողության պարտքը պետք է հատուցվի պատմաբանների հնաձնաժողովի շրջանակում։ Հավանաբար Ֆրանսիան կկարողանա հյուրընկալել նմանատիպ մի ժողով»,– ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։

No comments: