Thursday, November 24, 2011

Ծառուկյանի տարեդարձը Դուբայում

“Ժողովուրդ” թերթը գրում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նոյեմբերի 25-ին Դուբայում է նշելու իր ծննդյան 55-րդ տարեդարձը: Թերթի այդ տեղեկությունը հաստատել է նաեւ ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղարը, ասելով, որ Ծառուկյանն ընտանիքով է մեկնում Դուբայ:
Թերթը գրել է նաեւ, որ Դուբայում են լինելու նաեւ Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանները, Սամվել Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը, Սամվել Ալեքսանյանը եւ այլք:
Այն, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է ծննդյան տարեդարձը Դուբայում անցկացնել, իհարկե զարմանալի չէ: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները հաճախ են այցելում Դուբայ՝ գործով կամ պարզապես հանգստանալու: Ծառուկյանն էլ թերեւս որոշել է ծննդյան տոնի առիթով մի փոքր հանգստանալ:
Բայց, ծննդյան 55-ամյակը Դուբայում նշելու հանգամանքը կարող է նաեւ ունենալ մեկ այլ ուշագրավ պատճառ: Բանն այն է, որ Ծառուկյանն այդպիսով գուցե խուսափում է ավելորդ խոսակցություններից, որ կարող էին լինել իր 55-ամյակին Սերժ Սարգսյանի մասնակցության վերաբերյալ:
Չի բացառվում, որ Ծառուկյանը Դուբայում է նշում իր հոբելյանը, որովհետեւ Հայաստանում նշելու դեպքում դրան չէր մասնակցելու Սերժ Սարգսյանը: Իսկ դա կարող էր հերթական անգամ ՀՀԿ-ԲՀԿ լարվածության մասին խոսակցությունների առիթ դառնալ: Իսկ երբ Ծառուկյանը մեկնում է Դուբայ, այդ դեպքում արդեն Սերժ Սարգսյանի չմասնակցելու հարցը կարծես թե “անշառ” բացատրություն է ստանում:

No comments: