Sunday, November 27, 2011

Թուրք սոցիոլոգ. Թուրքիայում հայերի նկատմամբ զանգվածային բռնության արմատները

News.am. 26-11-2011- Միչիգանի համալսարանի սոցիոլոգիայի ադյունկտ-պրոֆեսոր Ֆաթմա Մյուգե Գյոչեկը նոյեմբերի 16-ին Հարվարդի համալսարանի Քնաֆել դահլիճում դասախոսություն է կարդացել` ժամանակակից աշխարհում Թուրքիայի մասին սեմինարների շարքի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է «The Armenian Mirror-Spectator»-ը:
Դասախոսությանը ներկա է գտնվել 40 մարդ, այդ թվում` ուսանողներ, դասախոսներ, թուրք եւ հայ համայնքի անդամներ:
«Հայերի նկատմամբ բռնությունը Թուրքիայի պատմության մեջ զանգվածային բռնության առաջին դեպքն է,- ասել է Գյոչեկը: - Ես սոցիոլոգ եմ, եւ երբ սկսեցի հետազոտել այս թեման, հասկացա, որ մուտք եմ գործել քաղաքական ականապատ դաշտ: Երկու կողմերի` թուրք եւ հայ ազգայնականները հայտարարեցին, որ ես չեմ կարող թուրք լինել: Ես ցանկանում էի ուսումնասիրել 1915թ. վիճահարույց հուշագրությունները: Մի կողմից, կա հայկական սփյուռք, որը հավաստիացնում է, որ դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի ընթացքում 800 հազարից մինչեւ 1,5 միլիոն մարդ է զոհվել: Մյուս կողմից, թուրքական պետությունը մերժում է դեպքերը ցեղասպանություն համարելը` դրանք անվանելով փոխադարձ ջարդեր եւ հավատացնելով, որ գործողությունները կանխամտածված չեն եղել: Թուրքիան 400 հազար զոհերի մասին է խոսում»:
Ըստ Գյոչեկի`գիտնականների մեծամասնությունը ընդունում է, որ այդ դեպքերը ցեղասպանություն են եղել: Ուստի հարց է ծագում` ինչու են թուրքական պետությունը եւ հասարակությունը նախկինի պես հերքում դա:
Զանգվածային բռնության արմատներն ուսումնասիրելու համար, ըստ Գյոչեկի, հարկավոր է ուսումնասիրել սոցիալական ճնշումները. «Նույնիսկ եթե հասարակության մեջ լարվածություն կա, այն միշտ չէ, որ բռնության է հանգեցնում»:
Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրությունը, ողջ մնացածների կամ նրանց սերունդների հետ հարցազրույցները, թուրքական հուշագրությունները կարող են որոշակի ապացույցներ տալ. «Եթե նայեք օսմանյան պատմությանը, կտեսնեք, որ բռնությունը միշտ է եղել, նույնիսկ`1789թ` Ֆրանսիական հեղափոխության տարիներին: 1894–1896թթ. Աբդուլ Համիդի կառավարման տարիներին են ջարդեր եղել, հետագայում բռնությունները շարունակվել են թուրքական հանրապետությունում»,– ասել է Գյոչեկը:
Գյոչեկը մատնանշել է այն փաստը, որ հայերի ցեղասպանությունն առավել հանգամանալից սկսել է քննարկվել Խորհրդային Միության անկումից հետո:
Հաջորդ սեմինարը կկայանա նոյեմբերի 30-ին` «Թուրքիան եւ նրա արտաքին քաղաքականությունը հարեւանների նկատմամբ» թեմայով: Դասախոսությամբ հանդես կգա Բոսֆորի համալսարանի պրոֆեսոր Քեմալ Քիրիշջին:

No comments: