Sunday, November 27, 2011

Մոսկվան քայլեր է ձեռնարկում՝ իրենից Երևանի կախվածությունն ապահովելու համար. Stratfor

Tert.am. 26-11-2011- Հայաստանի քաղաքական կյանքում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին է անդրադարձել ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնը։
«Մի շարք հայ պաշտոնյաներ անցած ամսվա ընթացքում կամ հրաժարական տվեցին, կամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնից հեռացվեցին։ Այդ պաշտոնյաների թվում են՝ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը»,– հաղորդում է անգլալեզու Eurasianet.org կայքը՝ վկայակոչելով «Ստրատֆոր»–ի հրապարակումը։
«Քաղաքական վերադասավորումներ Հայաստանում նախկինում էլ տեղի են ունեցել, սակայն հրաժարականների և պաշտոնանկությունների այս ալիքը կարող է վկայել այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը դեռևս աջակիցներ ունի կառավարությունում, իշխանության համար պայքարի մեջ է ներգրավվել։ Այդ պայքարը կարող է ազդել Հայաստանի գալիք խորհրդարանական ընտրությունների վրա և ի վերջո իր ազդեցությունը թողնել Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ ուղղությունների վրա, չնայած որ այն չի փոխելու Հայաստանի ընդհանուր ռազմավարական հարաբերություններն իր ազդեցիկ հովանավոր երկրի՝ Ռուսաստանի հետ»,– նշվում է հոդվածում։
Հոդվածագիրն այնուհետև ընդգծում է, որ քաղաքական վերափոխումները Հայաստանում տեղի են ունենում 2012թ. մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ «Պաշտոնանկությունների և հրաժարականների փուլից քիչ առաջ Քոչարյանը «Մեդիամաքս» գործակալության հետ զրույցում հայտարարեց, որ չի բացառում քաղաքական ասպարեզ վերադառնալու հնարավորությունը։ Վերափոխումների ենթարկված պաշտոնյաներից շատերը, պտտվող լուրերի համաձայն, կապեր ունեն Քոչարյանի հետ, այնպես որ չի բացառվում, որ Սարգսյանն այդ վերադասավորումներն իրականացրեց՝ փորձելով ընտրություններից առաջ կառավարության ներսում սահմանափակել Քոչարյանի աջակցության հենարանը»,– հավելում է հոդվածագիրը։
«Հայաստանի խորհրդարանական ընտրությունները սովորաբար պլացդարմ են ծառայում նախագահական ընտրությունների համար, և Սարգսյանը ցանկանում է պահպանել իր մեծամասնությունը խորհրդարանում։ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը զբաղեցնում է պատգամավորական 131 աթոռից 64–ը և կոալիցիա է կազմում Հայաստանի Բարգավաճ կուսակցության հետ, որը 18 տեղ ունի խորհրդարանում։ Ամեն դեպքում Բարգավաճ Հայաստանի առաջնորդ, հարուստ գործարար Գագիկ Ծառուկյանը, համարվում է, որ մոտ է Քոչարյանի հետ։ Եթե Ծառուկյանը որոշի լքել կոալիցիան, ապա Սարգսյանն այլևս մեծամասնություն չի ունենա խորհրդարանում, ինչն էլ կհեշտացնի Քոչարյանի վերադարձը քաղաքական ասպարեզ, ինչպես նաև հաջորդ նախագահական ընտրություններում իշխանության համար պայքարը»։
«Անկախ Սարգսյանի և Քոչարյանի միջև քաղաքական պայքարի ելքից, Հայաստանի քաղաքականության ասպեկտներից մեկը՝ Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ, փոփոխության չի ենթարկվի։ Ռուսաստանի հետ դաշինքը Հայաստանի համար խիստ անհրաժեշտ է, և Մոսկվան քայլեր է ձեռնարկել՝ Ռուսաստանից Հայաստանի կախվածությունն ապահովելու համար»,– գրում է հոդվածագիրն ու հավելում, որ Հայաստանի վրա իր ազդեցությունն է թողնելու Մոսկվայի կողմից ստեղծվող Եվրասիական միությունը, ինչն էլ կարող է անդրադառնալ հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների վրա։
«Հայաստանի խորհրդարանական ընտրություններին նախորդող ամիսներին շատ բան կարող է փոխվել, սակայն վերադասավորումների նշանակությունն ու ազգային քաղաքականության մեջ Քոչարյանի հնարավոր դերը կարևոր դեր են խաղալու Հայաստանում քաղաքական ուժերի հետագա վերադասավորումը որոշելու հարցում»,– նշված է հոդվածում։

No comments: