Sunday, November 20, 2011

Հայաստանը մտադիր չէ քննարկել Հայոց ցեղասպանությունը

News.am. 19-11-2011- Ֆրանսիական ոչ մի պաշտոնական աղբյուր չի հաստատել Թուրքիայում Ֆրանսիայի ԱԳ նախարարի արած հայտարարությունը, որը տարածել էին թուրքական լրատվամիջոցները, եւ որի մեջ ասվում էր, որ Ֆրանսիան պատրաստ է հայ-թուրքական քննարկումներ կազմակերպել Հայոց ցեղասպանության թեմայով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ ֆրանսիական լրատվամիջոցները նման տեղեկատվություն չեն հրապարակել:
«Սակայն, եթե անգամ նման հայտարարություն է արվել, ապա ես պետք է կրկին հաստատեմ հայկական կողմի դեռ 2005թ. արտահայտած դիրքորոշումը, համաձայն որի` Հայաստանը 1915թ. դեպքերը քննելու համար հրաժարվում է պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծել` փոխարենն առաջարկելով ստեղծել միջկառավարական հանձնաժողով: Նույն միտումն ու տրամաբանությունն առկա է նաեւ Ցյուրիխյան արձանագրություններում, որտեղ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կետ չկա, սակայն կա միջկառավարական հանձնաժողով ստեղծելը նախատեսող կետ: Հետեւաբար, լավ կլինի, եթե Թուրքիան կատարի Ցյուրիխյան արձանագրություններով նախատեսված պարտականությունները»,- ասել է Շարմազանովը:
Նա նաեւ նշել է, որ Հայաստանը մտադիր չէ քննարկել Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն անվիճելի փաստ է, եւ պատմաբաններն այստեղ անելու բան չունեն, դա քաղաքական հարց է: «Ժամանակին Գերմանիայի կառավարությունն իր մեջ ուժ գտավ Հոլոքոստի համար ներողություն խնդրելու եւ չդիմեց պատմաբանների օգնությանը: Նման ձեւով պետք է վարվի նաեւ Թուրքիան: Առաջադեմ մարդկությունը, որը ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, կարծում է, որ Թուրքիան էլ պետք է այդպես վարվի: 21-րդ դարում անհնար է խոսել մարդու իրավունքների ազատության մասին` առանց դատապարտելու մարդկության դեմ գործած ոճիրը»,- ասել է Շարմազանովը:
Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով «Անադոլու» թուրքական լրատվական գործակալությանը, հայտնել էր, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն նոյեմբերի 18-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում «մարտահրավեր» է անվանել 1915 թվականի իրադարձությունների թեման` իր երկրի պատրաստակամությունը հայտնելով հյուրընկալել դրա շուրջ հայ-թուրքական քննարկումները։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ժյուպեն նշել է, որ բոլոր մեծ երկրները աշխատանք են տանում իրենց պատմությունն ուսումնասիրելու ուղղությամբ։
Նման աշխատանք կարող է կատարվել պատմական հանձնաժողովում, թուրքական լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Ժյուպեն եւ, Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը որակելով իբրեւ դժվարին` թե՛ Թուրքիայի եւ թե՛ Հայաստանի համար, հավելել է, թե Ֆրանսիան կարող է կազմակերպել նման հանդիպում:

No comments: