Saturday, November 19, 2011

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Իրանի դեմ բանաձեւ է ընդունել

News.am. 19-11-2011- ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նոյեմբերի 18-ին Սաուդյան Արաբիայի նախաձեռնած «Ահաբեկչական հարձակումներ միջազգային պաշտպանության տակ գտնվող անձանց վրա» բանաձեւն է ընդունել: Հակաիրանական փաստաթղթի օգտին քվեարկել են 193 պատվիրակություններից 106-ը, 9-ը դեմ են եղել, 40-ը` ձեռնպահ:
Բանաձեւը դատապարտում է «ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանին սպանելու դավադրությունը» եւ Իրանին կոչ է անում «կատարել միջազգային իրավունքով սահմանված բոլոր պարտականությունները, ներառյալ` միջազգային պաշտպանության տակ գտնվող անձանց նկատմամբ հանցագործությունների կանխարգելումն ու պատժումը»:
Իրանին պարտադրում են նաեւ «օժանդակել այն անձանց պատասխանատվության ենթարկելու գործում, որոնք մասնակցել են Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանին սպանելու ծրագրմանը, ֆինանսավորմանը, կազմակերպմանն ու իրագործման փորձին»:
Նախքան բանաձեւի նախագծին քվեարկելը, Գլխավոր ասամբլեայի պատվիրակները չորս ճշտումներ են կատարել փաստաթղթում, որոնք մտցրել էր Թեհրանը, եւ որոնք նպատակ ունեին մեղմել դրա հակաիրանական ուղղվածությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ինչպես նախկինում հայտնել էր NEWS.am-ը, Վաշինգտոնը Թեհրանին մեղադրել է Սաուդյան Արաաբիայի դեսպան Ադել ալ Ջուբեյրի դեմ մահափորձ ծրագրելու մեջ: ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է իրանական ծագմամբ ԱՄՆ քաղաքացու, որը խոստովանել է, որ իրանական հատուկ ծառայությունների կողմից հրահանգ է ստացել սպանել Ջուբեյրին: ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը ԱՄՆ մայրաքաղաքում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Մանսուր Արբաբսիարին եւ Գուլամ Շաքուրին մեղադրել է Սաուդյան Արաբիայի դեսպանին սպանելու դավադրության մեջ:

No comments: