Tuesday, November 15, 2011

Դավադրության բումերանգը

«Լրագիր» 14-11-2011- Ինչպես տարածել է իրանական IRNA գործակալությունը, Իրանի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության նախագահ Գոլամ Ռըզա Ջելալին ասել է, որ օրերս իրանական ռազմակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունը, որը խլել է մոտ երեք տասնյակ զինվորականի, այդ թվում մեկ գեներալի կյանք, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) և իսրայելական Mossad–ի գործողության արդյունք է: Ջելալին ասել է, որ ռազմակայանի համակարգիչներում հայտնաբերվել է այդ կառույցների մշակած վիրուսը, ինչի հետեւանքով էլ տեղի է ունեցել այն խափանումը, որ հանգեցրել է պայթյունի:
Դժվար է ասել, թե ինչքանով է իրական այդ պնդումը՝ Իրանի պաշտոնյան ճշմարտությո՞ւնն է հայտարարում, թե պարզապես փորձում է իրանական ռազմակայանում կառավարման թերացման կամ բարձիթողի վիճակի, կամ տեխնիկայի մաշվածության եւ այլ համանման հետեւանքով տեղի ունեցած պայթյունի համար պատասխանատվությունը բարդել Արեւմուտքի եւ Իսրայելի վրա:
Ի վերջո, ամբողջատիրական երկրներում այդպիսի փորձերն ամենեւին նորություն չեն: “Դավադրության տեսություններն” այդ երկրներում իշխանության գործիքակազմի լայնորեն կիրառվող միջոցներից մեկն են, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը մարդկային կյանքերի համար պատասխանատվության մասին է:
Մյուս կողմից, բրիտանական Time-ն էլ հրապարակել էր մի տեղեկություն, ըստ որի, արեւմտյան հետախուզական ծառայությունների մի աշխատակից հայտնել էր, թե իրանական ռազմակայանի պայթյունը միջուկային ծրագրի դեմ սաբոտաժի արդյունքն էր, եւ այդպիսի սաբոտաժները շարունակվելու են:
Դա էլ զարմանալի կամ անհավանական չէ: Ի վերջո, պատմությանը հայտնի են նույն Իրանի միջուկային ծրագրի հետ կապված դեպքեր, երբ տասնամյակներ առաջ իսրայելական հատուկ ծառայությունները ռազմական օպերացիաներ են իրականացրել այդ երկրի դեմ թե անմիջականորեն Իրանի տարածքում, թե նաեւ արտերկրում, որտեղ Իրանը ձեռք է բերել միջուկային ծրագրի հետ կապված կարեւոր սարքավորումներ: Հետեւաբար չի բացառվում, որ Իսրայելը նախազգուշացներ Իրանին նաեւ այդ ձեւով, առայժմ ձեռնպահ մնալով խոցել այդ երկրի միջուկային օբյեկտները:
Բայց, բոլոր դեպքերում, եթե անգամ պայթյունը կազմակերպվել է դրսից, թվում է, որ պետությունը պետք է շահագրգռված լինի խուսափել այդ մասին հայտարարելուց կամ ակնարկելուց: Չէ որ դրանով ի ցույց է դրվում այդ պետության խոցելիությունը: Եթե Իսրայելը կամ ԱՄՆ կարողանում են համակարգչային վիրուսով պայթյուններ առաջացնել Իրանի տարածքում, ապա էլ ինչ “երկաթյա բռունցքի” մասին էր խոսում Իրանի հոգեւոր առաջնորդը օրերս, սպառնալով դրանով դիմավորել ԱՄՆ-ին, Իսրայելին եւ նրա դաշնակիցներին, եթե նրանք գան Իրանի վրա:
Չէ որ ներկայում “երկաթյա բռնունցքի” դար չէ, այլ “արագ մատների”, որոնցով աշխատում են համակարգիչների վրա: Անգամ ռազմական մեծ օպերացիաներն են սկսվում համակարգիչների վրա կատարվող տեխնոլոգիական զգալի աշխատանքից:
Ստացվել է մի իրավիճակ, որ “դավադրությունների տեսությունն” արդեն թերեւս մեղմ ասած աննպատակահարմար ինքնապաշտպանություն է ամբողջատիրական հասարակարգերի եւ ռեժիմների համար: Բանն այն է, որ “դավադրությունների տեսությունը” ժամանակակից աշխարհում արդեն ոչ այնքան աշխարհի ուժեղների անարդարության մասին է խոսում, որքան թույլերի հետամնացության, ժամանակից հետ ընկնելու մասին:
Ըստ երեւույթին, ժամանակն է, որ ամբողջատիրական համակարգերն ու հասարակարգերը մտածեն այդ մասին, մինչ դրանով պաշտպանվելու ավանդական, բայց արդեն զգալիորեն մաշված մեթոդին դիմելը:
Ընդ որում, խոսքը միայն Իրանի մասին չէ, եւ միայն այդպես ասած ռազմական պարագաների մասին չէ: Խոսքը նաեւ քաղաքացիա-իրավական իրողությունների մասին է, որովհետեւ ամբողջատիրական վարչակարգերը նաեւ այդ հարցերում են “հղում” անում “դավադրության տեսությամբ” ինքնապաշտպանության միջոցին, հասարակություններին մեղադրելով օտար պատվերների համար:
“Դավադրությունների տեսությունը” 21-րդ դարում հանրային ընկալումների մեջ թերես կամաց-կամաց սկսում է վերածվել բումերանգի, երբ մարդիկ պարզ հասկանում են, որ իրականում գործ ունեն հենց իրենց դեմ դավադրության դեմ, որ գործում են ամբողջատիրական ռեժիմները, պատասխանատվությունը փորձելով գցել “յոթը սարից” կամ “հազար մղոն” այն կողմ:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: