Thursday, November 17, 2011

Բանակում մահացած Արտակ Նազարյանի հարազատները պահանջում են քրգործ հարուցել սպանության մեղադրանքով

News.am. 16-11-2011- Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 16-ին կայացել է Իջեւանի զորամասում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարությունը:
Նազարյանը մահացել էր 2010թ. հուլիսի 27-ին, «Մեհրաբ» զորամասում: Պաշտոնական վարկածով նա ինքնասպան է եղել եւ քրեական գործ է հարուցվել գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանի ավագ-լեյտենանտ Վահագն Հայրապետյանի, շարքայիններ Մխիթար Մխիթարյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Հարութիկ Կիրակոսյանի նկատմամբ: 30-ամյա Արտակ Նազարյանի հարազատներն ու իրավապաշտպանները, մինչդեռ համոզված են, որ նրան սպանել են, իսկ գործը սարքել են որպես ինքնասպանություն:
Շենգավիթի դատարանում նիստը արտագնա էր, նախորդ նիստերն ընթանում էին Բերդ քաղաքում, սակայն հաճախ հետաձգվում էին եւ Նազարյանի հարազատների ճնշման տակ ստիպված էին նիստը տեղափոխել Երեւան:
Այսօր կայացած նիստում հինգ ամբաստանյալներն էլ հայտարարել են, որ չեն ընդունում իրենց մեղսագրվող արարքները, եւ իրենց մեղավոր չեն ճանաչում:
Դատախազ Հարություն Հարությունյանը կարդացել է մեղադրական եզրակացությունը` հայտարարելով, թե Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել, քանի որ նրան պարբերաբար ծեծել եւ ստորացրել են: Արտակ Նազարյանի իրավահաջորդ, Հասմիկ Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրենք կտրականապես դեմ են մեղադրանքին եւ վստահ են, թե նախաքննությունն անցել է կոպիտ խախտումներով: Տուժող կողմը նաեւ պահանջել է նոր նախաքննություն իրականացնել եւ քրեական գործ հարուցել սպանության հոդվածով:
Դատավոր Սամվել Մարդանյանը մերժել է թե տուժողների, թե ամբաստանյալների բոլոր միջնորդությունները:
Դատավորը մերժել է նաեւ մեղադրող Հարություն Հարությունյանին ներկայացված բացարկի միջնորդությունը, ինչից հետո բացարկ է ներկայացվել նաեւ դատավորին:
Դատավորը միջնորդությունը կքննարկի հաջորդ նիստում, որ կայանալու է նոյեմբերի 23-ին:

No comments: