Saturday, December 10, 2011

Հայաստանից արտագաղթում են հիմնականում 20–50 տարեկանները. սոցիոլոգ

Tert.am. 9-12-2011- Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցավ միգրացիոն վիճակագրության ճշգրտման և թարմացման հնարավորությունների վերաբերյալ կլոր սեղան քննարկում, որը նպատակ ուներ նպաստելու միգրացիոն վիճակագրության առավել նպատակային ու արդյունավետ կառավարմանը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցել է Հայաստանի համապատասխան մարմիններին միգրացիոն հոսքերի վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու, միգրացիոն խնդիրները կանոնակարգելու, միգրացիոն օրենսդրության բարելավելու, ինչպես նաև աշխատանքային միգրանտների և վերադարձողների խնդիրները լուծելու գործում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդագրական ծրագրերի պատասխանատու Օվսաննա Բաբայանն ասաց, որ միգրացիոն ոլորտով զբաղվող մասնագետները հույս ունեն համադրել տվյալներ միգրացիայի հետ ուղղակի կամ անուղղակի առնչվող այլ մասնագետների` ժողովրդագիրների, սոցիոլոգների օգնությամբ, և ունենալ քիչ թե շատ վստահելի ու թարմացված բազա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարյուր տոկոսանոց վստահելի աղբյուր չի կարող լինել միգրացիայի վիճակագրության բնագավառում:

«Այս ոլորտը հստակություն չունի, տվյալները հավաքագրվում են ոստիկանության անձնագրային բաժիններից, սահմանային հատումների և սոցիալական հետազոտությունների հիման վրա, որոնք չեն կարող հստակ և ճշգրիտ լինել»,- ասաց Տարածքային կառավարման նախարարության միգրացիայի պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի կարծիքով` երկրի իշխանություները անհապաղ պետք է սկսեն արդյունավետ միգրացիոն քաղաքականություն իրականացնել ստեղծված անմխիթար վիճակն ինչ-որ կերպ մեղմելու համար, հակառակ դեպքում որոշ իրավիճակներ շտկել հնարավոր չի լինի:

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանի համոզմամբ` նույնիսկ միգրացիա բառն է արդեն փոփոխման ենթակա, այն կարելի է անվանել դեպոպուլյացիա:

« Ծնելիությունն է նվազել երկու անգամ, սեռի վաղորոշ դիագնոստիկան նույնպես նպաստում է դրան: Մինչև վերջերս մեր իշխանությունների մոտեցումը այսպիսին էր` դե գնում են, թող գնան, քանի որ աշխատատեղի խնդիր է լուծվում, մեկնում են դժգոհ մարդիկ, ովքեր դեմ են քվեարկելու իշխանություններին, ուրեմն քաղաքական խնդիր է լուծվում։ Եվ վերջապես գնացողները դրամ են ուղարկում իրենց հարազատներին, ուրեմն լավ է, տնտեսական խնդիր է լուծվում»,- ասաց Գևորգ Պողոսյանը` հավելելով, որ արտագնա ալիքը ձևավորվում է 20-50 տարեկանների շրջանում,արտագաղթում են հիմնականում պոտենցիալ աշխատուժով տղամարդիկ։ Գևորգ Պողոսյանի համոզմամբ՝ որոշ ժամանակ անց Հայաստանում ունենալու ենք աշխատուժի սուր խնդիր:

No comments: