Saturday, December 17, 2011

Ադրբեջանը Ռուսաստանից կստանա Մի-35Մ ռազմական ուղղաթիռների առաջին խմբաքանակը

News.am. 16-12-2011- Ադրբեջանը շուտով Ռուսաստանից կստանա պատվիրված 24 Մի-35Մ հարվածային ուղղաթիռներից երկուսը:
Ներկա պահին այդ երկու ուղղաթիռները պատվիրատուին ուղարկվելուց առաջ վերջին փորձարկումներն են անցնում ռոստովյան «Ռոստվերտոլ» գործարանում:
Պատվիրված ուղղաթիռների մնացած խմբաքանակը Ադրբեջան կուղարկվի 2012թ.: 24 Մի-35Մ ուղղաթիռների ձեռքբերման պայմանագրի արժեքը 360 մլն դոլար է, հաղորդում է ԱՐՄՍ-ՏԱՍՍ-ը:
Ադրբեջանի կողմից 24 Մի-35Մ ուղղաթիռների ձեռքբերումը կուժեղացնի այդ երկրի հարվածային ուղղաթիռային խմբավորումը, որի կազմում կա 1991թ.-ից շահագործվող խորհրդային արտադրության 20 Մի-24 «Հինդ» ուղղաթիռ:
Ադրբեջան ուղարկվող Մի-35М ուղղաթիռները հագեցած կլինեն գիշերային տեսանելիության սարքավորումներով, ջերմային խցիկով, ռադիոէլեկտրոնային ճնշման միջոցների համակարգով:
Ուղղաթիռները զինված կլինեն հակատանկային կառավարման հրթիռներով 9Կ114 «Շտուրմ-Վ» (ԱՏ-6 «Սպիրալ») եւ Ս-8 անկառավարելի ավիացիոն հրթիռներով` 80մմ տրամաչափով, եւ Ս-24` 240 մմ տրամաչափով: Ուղղաթիռների վրա տեղադրված կլինեն 12,7 մմ տրամաչափով 9Ա-629 մեկ գնդացիր եւ 7,62 մմ տրամաչափով 9-Ա-622 երկու գնդացիր, ինչպես նաեւ 30մմ-անոց 9-Ա-800 նռնականետ: Ուղղաթիռը կարող է տեղափոխել 50-500 կգ ավիացիոն ռումբեր:

No comments: