Saturday, December 17, 2011

ԱՅԴ «ՀԱՐՈՒՍՏ» ԱԴՐԲԵՋԱՆԸ

«ԱԶԳ», 17-12-2011- Ինչ հիմարություն ասես, որ Բաքվում իրենց թույլ չեն տալիս: Միլլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջեւն, օրինակ, առաջարկել է, որ 2012 թ.-ից Ադրբեջանի պետական բյուջեում «առանձին տողով հատկացումներ արվեն Լեռնային Ղարաբաղին»: Նա, իհարկե, ավելացրել է, որ «այդ փողերը չեն ծախսվի, փոխարենը ԼՂ-ում ապրող հայերը կհամոզվեն, թե որքան հարուստ է Ադրբեջանը եւ...»: Պատկերացնո՞ւմ եք... Երեւի Զահիդ Օրուջեւը «շախսեյ-վախսեյի» օրը չափից ավելի է իրեն գանակոծել, արյուն կորցրել եւ ընկել մտավոր «կոմայի» մեջ: Հարկ է, որ իրեն խնայի: Եվ քաղցր թեյ խմի:
Ի հեճուկս նրա պոռոտախոսությանՙ Ադրբեջանի պատկան մարմինները սեւով սպիտակի վրա գրված` աղյուսակի տեսքով, հրապարակել են այդ «չափազանց հարուստ երկրի» բյուջետային ոլորտի աշխատավարձերը: Ըստ այդմ, «տնտեսական բում ապրող» երկրում գալիք տարվա պետական բյուջեով նախատեսված է, ներառյալ` «նորին գերազանցություն» Իլհամ Ալիեւի կարգադրությամբ սահմանված հավելումները, որ «պետական ծառայողների 1-ին կարգի» աշխատավարձը կկազմի ... 93 մանաթ կամ ոչ ավելի, քան 100-110 դոլար: Ընդամենը:
Սա, երեւի, պետական ծառայության անցնող ադրբեջանցի երիտասարդի «մեկնարկային» եկամուտն է, որ, ինչպես թվերն ու իրականությունն են ապացուցում, որոշակիորեն ավելի քիչ է, քան Արցախում է: Ընդ որում` նույն պետական ծառայողի համար: Եվ այդպես` շարունակ: Գիտության բնագավառում, մասնավորապես, Ադրբեջանում 19-րդ կարգի` «առաստաղային» աշխատավարձն ավելին չէ, քան ստանում է Արցախի պետական համալսարանի պրոֆեսորը:
Նույն պատկերն է նաեւ նվազագույն աշխատավարձի եւ թոշակների պարագայում: Ստացվում է, որ «հարուստ» Ադրբեջանի առասպելը սահմանափակվում է միայն նավթագազային հումքի արտահանությունից որոշակի մարդկանց եկամուտների աճով: Ինչպես օրինակՙ պետական կոչվող նավթային ընկերության դեպքում, որը, չիմանալով ինչպես ծախսել անաշխատ գումարները, Բաքվի արվարձաններից մեկում զանգվածաբար քանդում է քաղաքացիների սեփական տները: Եվ փոխհատուցում էլ չի վճարում, քանի որ «տարածքը պատկանում է» իրեն:
Քարոզչությամբ, իհարկե, Զահիդ Օրեւջեւն ու նմանները շատ բան կարող են ասել: Բայց փաստերն, ինչպես ասում են, անողոք են: Եվ ցույց են տալիս, որ, ի հակակշիռ տարփողվող առասպելի, Ադրբեջանում ամենեւին էլ ավելի լավ չեն ապրում, քան հարեւան երկրներում: Մի բան էլ ավելի. Արցախում մարդիկ ունեն հեռանկարի գիտակցում: Ինչպես նաեւ` որոշումներ ընդունելու իրավունք: Ի տարբերություն հարեւան երկրի, որտեղ քաղաքացիները պարզապես «հոտ» են: Համենայն դեպս, իշխող վերնախավը նրանց այդպես է «գնահատում»:
Դա է թերեւս պատճառը, որ Զահիդ Օրուջեւը փորձում է «հոտին» ներշնչել, թե պետական բյուջեով Լեռնային Ղարաբաղին «հատկացվող գումարները կարող են այնտեղ ապրող մարդկանց դրդել ապստամբության»: Իրականում, մինչդեռ, ապստամբությամբ հղի է թերեւս ադրբեջանական հանրությունը: Քանի որ այդ երկրում նախագահի պաշտոնական աշխատավարձը 15 000 մանաթ է:
Հեռու գնալ պետք չէ. ԼՂՀ նախագահն ստանում է ուսուցչի եւ բժշկի դրույքաչափն ընդամենը 3 անգամ գերազանցող աշխատավարձ: Ադրբեջանի դեպքում տարբերությունը 15 եւ ավելի անգամ է: Չհաշված պետական նավթային ընկերության եւ Հեյդար Ալիեւի հիմնադրամի, ինչպես նաեւ ստվերային այն բոլոր գումարները, որ վերահսկում են Իլհամ Ալիեւը, Մեհրիբան եւ Լեյլա Ալիեւաները: Այսինքն` իշխող կլանը:
- А народ безмолвствует,- ստիպված ենք եւս մեկ անգամ մեջբերել ռուս դասականին: Եվ ավելացնել հայ դասականի ընդհանրացումը. «Սարսափելի է, երբ ժողովուրդը լռում է»: Դա երեւի լռություն է փոթորկից առաջ: Քանի որ մի ժողովուրդ, ինչքան էլ նրան «հոտի» տեղ դնեն, անվերջ չի լռում: Երբեմն գժվում են նաեւ «ոչխարները»: Երբ «հովիվն» այդպես էլ չի «գտնում ջրելու տեղը»: Պաշտոնական տվյալները վկայում են, որ Ադրբեջանի իշխող կլանը մտադիր չէ «անապատում օազիս փնտրել»: Ուրեմն մնում է, որ «ոչխարներն ապստամբեն»:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

No comments: