Խորհրդարանի նոր կազմը հայտնի՞ է
Հայաստանում սկսել են, եւ ժամանակի ընթացքում էլ անկասկած ակտիվանալու են դատողությունները խորհրդարանի նոր կազմի մասին: Ավելին, արդեն իսկ հստակ գնահատականներ են տրվում, թե այս կամ այն ուժն արդյոք տեղ ունենալու է խորհրդարանում: Քանի որ սոցիոլոգիան Հայաստանում որպես ինստիտուտ ոչ պակաս վարկաբեկված է, քան քաղաքական դաշտն ինքը, շատ դժվար է ասել, թե Հայաստանի քաղաքական ուժերից ով ինչ վարկանիշ ունի հանրության շրջանում: Այդ մասին դատողություններն արվում են սուբյեկտիվ գործոնների հիման վրա, կամ ընդամենն ինտուիտիվ:
Իրավիճակն առավել եւս լղոզում է այն հանգամանքը, որ Հայաստանում ընտրությունը կեղծվում է եւ չի արտացոլում այն իրական քվեն, որ հանրությունը տալիս է քաղաքական ուժերին: Հետեւաբար, երբ կանխատեսումներ են արվում խորհրդարանի նոր կազմի վերաբերյալ, ապա այստեղ թերեւս ելակետ է ընդունվում այն, թե ինչ է որոշել նախագահի նստավայրը կամ պարզապես Սերժ Սարգսյանը:
, ով գիտե, թե նա ինչ է որոշել խորհրդարանի նոր կազմի վերաբերյալ: Ավելին, իսկ գիտե՞ արդյոք Սերժ Սարգսյանն ինքը, թե խորհրդարանի ինչ կազմ է ստացվելու: Նա անշուշտ կունենա ցանկալիի իր պատկերացումը, բայց հարցն այն է, թե արդյոք ունի ցանկալիին հասնելու ռեսուրս:
Եթե հետեւենք Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքին, այսպես ասած դինամիկային, ապա նկատելի է, որ իշխանության համար ավելի ու ավելի դժվար է եղել հասնել ցանկալի արդյունքի: Իշխանությունն ավելի ու ավելի է հակվել փոխզիջումների: Օրինակ, 1995 թվականի Հանրապետություն բլոկից հետո, 1999 թվականին Վազգեն Սարգսյանը ստիպված էր Կարեն Դեմիրճյանի հետ գնալ առավել լայն բլոկի, իսկ 2003 թվականին էլ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես ստիպված էր գլուխ բերել երեք տարբեր ուժերից կազմված կոալիցիայի հարցը:
Թվում է, թե 2007 թվականին Սերժ Սարգսյանն ապահովեց բացարձակ իշխանություն ՀՀԿ համար, բայց հիշարժան է, թե ինչպես էր ՀՀԿ-ն ընտրությունից հետո գրեթե խնդրում ՀՅԴ-ին, որ մտնի կոալիցիա: Հանրապետականն իհարկե հայտարարում էր, թե ինքը պարզապես հանդուրժող եւ շռայլ ուժ է եւ ունենալով անգամ բացարձակ իշխանություն, փորձում է այն կիսել հայրենիքով մտահոգ այլ ուժերի հետ: Բայց, այդ նույն հանրապետականները “հայրենիքով մտահոգ” ուժերի հետ անգամ մի երթուղային գիծ հենց այնպես չեն կիսի, ուր մնաց իշխանությունը:
Եվ մյուս կողմից էլ, 2007 թվականի խորհրդարանի ընտրությունը թերեւս առաջինն էր, որտեղ իշխանությունը պարտվեց: Իհարկե, պարտվեց էլի իշխանությանը՝ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին, բայց միեւնույն է՝ պարտվեց առաջին անգամ, եւ Քոչարյանին հարկ եղավ հաշտվել այդ պարտության հետ, ընդամենը բավարարվելով նրանով, որ Սերժ Սարգսյանի բացարձակ մեծամասնության մեջ ունեցավ իր կղզյակները:
Այնպես որ, Հայաստանում խորհրդարանի ընտրության դինամիկան վկայում է, որ իշխանությունը տարեցտարի ստիպված է առավել լայն քաղաքական փոխզիջումների գնալ քաղաքական դաշտի հետ: Այստեղ խնդիրն ընդամենն այն է, թե որակական ինչ փոփոխություններ են բերում այդ զիջումները: Այդ տեսանկյունից, միտումն անշուշտ դրական չէ, եւ խորհրդարանի ընտրությունը Հայաստանում կարծես թե վերածվել է արատավոր կոմպրոմիսների մի համակարգի:
Այստեղ արդեն խնդիրն այն է, որ իշխանությունն այդ ընտրությունների ընթացքում չի զգում հասարակական ճնշում: Ճնշումը կամ համակարգային է, կամ արտաքին: Իսկ այդ ամենի արդյունքը լինում է հերթական արատավոր փոխզիջումը: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանն այս անգամ էլ ստիպված է լինելու գնալ փոխզիջումների, կամ համակարգային, կամ արտաքին ճնշման տակ: Բայց, որպեսզի դրանք հանգեցնեն որակական փոփոխության, կենսական անհրաժեշտություն է հասարակական, քաղաքացիական ճնշման առկայությունը:
Այսպես, թե այնպես, խորհրդարանի նոր կազմը Հայաստանում ամենայն հավանականությամբ պարզ կլինի հենց ընտրության օրը: Բանն այն է, որ թեեւ առերեւույթ Հայաստանում իրավիճակը չի փոխվում, այդուհանդերձ խորքային առումով, հատկապես միջազգային հարաբերությունների համատեքստում, շարժումները բավական դինամիկ են, եւ առերեւույթ փոփոխություններ կարող են լինել ցանկացած պահի:
Սերժ Սարգսյանն էլ թերեւս կպատկերացնի, որ անիմաստ է ընտրությունից մի քանի ամիս եւ նույնիսկ մի քանի շաբաթ առաջ մի կազմ որոշել եւ գնալ այդ որոշումն իրականացնելու: Հայաստանի իշխող համակարգը ներկայում չունի այդ ռեսուրսը: Սերժ Սարգսյանի համար ներկայում գերխնդիրը թերեւս այն է, որ գոնե 30-35 տոկոս խորհրդարանական տեղի հարցը երաշխավորի իր համար, ընտրության օրվան թողնելով մնացյալ 65-70 տոկոսի հարցը:
Քաղաքական դաշտի ներկայիս զգալի լղոզվածության եւ հիմնական ընդդիմության վարկանիշային էական անկման պարագայում, ինչը կարող է ավելի մեծանալ, եթե Կոնգրեսը բանը հասցնի հերթական ընտրության, Սերժ Սարգսյանն իրեն երեւի թե կարող է թույլ տալ մնացյալ 70 տոկոսի պարագայում այսպես ասած չմիջամտել իրական քվեարկությանը, այլ առնվազն տեղեկատվական մանիպուլյացիաների շնորհիվ ստանալ հարաբերականորեն նախընտրելի արդյունք:
Ըստ երեւույթին, հենց դա է լինելու այսպես ասած լավագույն ընտրության այն մեխանիզմը, որին դիմելու է Սարգսյանը: Այսինքն, ամենայն հավանականությամբ, Հայաստանի խորհրդարանի նոր կազմի այսպես ասած յոթանասուն տոկոսը հայտնի կդառնա հենց ընտրության օրը: Սերժ Սարգսյանն այլ տարբերակ էլ չունի, քանի որ առաջիկա ընտրությունը բոլոր նախորդներից առանձնանալու է մի կարեւոր հանգամանքով՝ այն ուղեկցվում է թե համաշխարհային, թե ներհասարակական վերափոխումների լուրջ շարժով, որոնց համարժեք չլինելը եւ որոնք հաշվի չառնելը իշխանության համար կարող է դառնալ ճակատագրական:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment