Tuesday, December 13, 2011

Ֆրանսիայի նախագահ. ԵՄ կազմում ընդգրկվելու դեպքում Թուրքիայի` Արեւմուտքն ու Արեւելքը կապող կամրջի դերը կթուլանա

News.am. 13-12-2011- Ֆրանսիայի դիրքորոշումը Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում անփոփոխ է, չնայած միության երկրների ճգնաժամի եւ արագ զարգացող Թուրքիայի հակադրությանը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսիական Le Monde օրաթերթին տված հարցազրույցում:
Նա հայտնել է, որ իր պայմանները չեն փոխվել եւ հստակեցրել է, որ եթե անգամ դրանք մի կողմ թողնվեն, դա չի հեշտացնի Եվրոպայի խնդիրը:
Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ ԵՄ կազմում կընդգրկվի Խորվաթիան, հերթագրված է Սերբիան: «Նախ եւ առաջ մենք պետք է միավորենք եվրոպական ընտանիքը, այնուհետեւ կմտածենք Եվրոպայից դուրս գտնվողների մասին»,- նշել է նա:
Սարկոզին կրկին շեշտել է, որ Թուրքիան եվրոպական երկիր չէ, հավելելով, որ Եվրոպական Միությունը առաջին հերթին եվրոպական մայրցամաքի համար է նախատեսված: Իսկ հզոր տերությունը, հզոր թուրքական ժողովուրդը, ըստ նրա, հիմնականում գտնվում է Փոքր Ասիայում:
Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Թուրքիան աշխարհում կարեւոր դերակատարություն ունի, այն Արեւմուտքն ու Արեւելքը կապող կարեւոր կամուրջ է, եւ Ֆրանսիան ցանկանում է նրա հետ լավագույն հարաբերություններ ունենալ: «Այս երկու կողմերը միավորողի տեսանկյունից, արդյոք Թուրքիայի շահերի՞ց է բխում մի կողմին միանալը: Կարծում եմ, որ միավորումը կթուլացնի նրա դերը»,- նշել է Սարկոզին:

No comments: