News.am. 19-12-2011- Նրանից, թե ինչ են կառուցում Հայաստանն ու Ադրբեջանը, երեւում է, թե ղարաբաղյան հակամարտության հարցում ինչ դիրքորոշում ունեն: Դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք է արտահայտել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի շինարարական նախագծերը:Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը հայտարարել էր շփման գծի երկայնքով նոր պատ կառուցելու մտադրության մասին: Հայաստանն էլ հաղորդել էր Լեռնային Ղարաբաղ տանող երկրորդ` հյուսիսային ավտոճանապարհի շինարարության մասին:
«Այստեղից կարելի է եզրակացություններ անել հակամարտության նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին: Սահմանը, որը ժամանակավոր են համարում եւ որը մտադիր են շուտով հատել, պատով չեն առանձնացնում: Ե’վ Ադրբեջանը, ե’ւ Հայաստանը, որը գնալով ավելի սերտորեն է կապվում Արցախին, հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցը դեռ երկար կձգվի», - նշել է Իսկանդարյանը:
Ըստ նրա` համանման կերպով փոխվել է նաեւ Ադրբեջանի հռետորաբանությունը. «Ագրեսիան զգալիորեն նվազել է, եւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ֆինանսական եւ ռազմական աճող գերազանցության մասին հայտարարությունները փոխվել են: Այժմ նաեւ Ադրբեջանում են կարծիքներ հնչում, որ ռազմական ճանապարհը հազիվ թե ինչ-որ արդյունք ունենա, բայց խաղաղ բանակցություններն էլ տեսանելի առաջընթաց չեն խոստանում: Հետեւաբար հակամարտությունը կարող է երկար ձգձգվել», - նշել է փորձագետը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment