Friday, December 23, 2011

Ֆրանսիայի խորհրդարանի քայլը բարոյական էր ցեղասպանության ժառանգների նկատմամբ. Բեքարյանի դիտարկումները

Panorama.am. 22-12-2011- Ֆրանսիան թե ժողովրդավարության, թե մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից մնում է արևմտյան քաղաքակրթության օրրանը: Այս համոզմանն է հանգել քաղաքագետ Կարեն Բեքարյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայոց ցեղասպանությունը փաստի հերքումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո:
«Այսօրվա տեղի ունեցածը իրադարձություն է, որովհետև դա ունի քաղաքական ենթատեքստ և կարևորը հումանիստական է, բարոյական քայլ` ցեղասպանություն ապրած մարդկանց հիշատակի ու նրանց ժառանգների նկատմամբ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը` կարծիք հայտնեց Կարեն Բեքարյանը:

Օրինագիծը, որի հեղինակն է պատգամավոր Վալերի Բոյերը (Դաշինք հանուն ազգային շարժման), սահմանում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք` Հայոց ցեղասպանության փաստը ժխտողների նկատմամբ:

Բեքարյանի խոսքով, օրինագծի ընդունումը կարևոր է, քանի որ այդպիսով ի չիք են լինում ժամանակին «որոշ հոռետեսների» արտահայտած մտքերը, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը հետին պլան է մղվում:

«Մենք այսօր ականատեսն ենք այդ կանխատեսումների հակառակ պատկերին. շատ ճիշտ գտնվեցին նրանք, ովքեր պնդում էին, թե հայ-թուրքական արձանագրությունները ցեղասպանության գործընթացին խոչընդոտ չեն լինի, այլ ընդհակառակը` նոր թափ կտան գործընթացին», - պնդեց նա:

Նա ցրում է այն մտայնությունը, թե օրինագիծը հարված է խոսքի ազատությանը և հակասում է այդ իրավունքին: Այդպես կլիներ, երբ, ըստ քաղաքագետի, մարդիկ ապրեին իդեալական ու հանցագործություններից զուրկ աշխարհում: «Բայց մենք, երբ ունենք մի իրավիճակ, երբ մի կողմը հանցագործություն է իրականացնում և հիմա էլ մերժողական քաղաքականություն է վարում, բացահայտ ստի տարածման միջոցով փորձում հրաժարվել իրողությունները ընդունելուց, իմ կարծիքով, հիմա անդրադառնալ այդ հարցին ուղղակի կոռեկտ չէ», - նշեց մեր զրուցակիցը` նկատելով, որ նույն հաջողությամբ կարող ենք խոսքի ազատության անվան տակ քարոզել ֆաշիզմ և այլ նման երևույթներ:

Բեքարյանն ասաց, որ իրեն չի զարմացնում այն, որ հնարավոր է Ֆրանսիան այս ժեստն անում է նախընտրական (նախագահական ընտրությունները Ֆրանսիայում կայանալու են հաջորդ տարեսկզբին- թղթ.) կոնտեքստում: «Ֆրանսիայում ի վերջո այսօր ապրող հայերը, արդյոք հենց նրանք` ցեղասպանության զոհերը կամ զոհերի ժառանգները չե՞ն: Եթե անգամ ընդունենք, որ սա կատարվել է նախընտրական ինչ-ինչ շահերից ելնելով, ապա ի վերջո հաշվի է առնվել ցեղասպանության ժառանգի իրավունքը», -նկատեց Բեքարյանը:

Մենք հիշեցրինք, որ 2006-ին հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մեկ այլ օրինագծի, սակայն այն մերժվեց Սենատի կողմից և հետաքրքվեցինք` արդյո՞ք այս օրինագիծը ևս չի արժանանա նույն ճակատագրին:

Բեքարյանն, արձագանքելով նկատեց, որ որևէ վստահ կանխատեսում անել հնարավոր չէ և հակառակն ասելն էլ անհնար է: Սակայն նրա կարծիքով Սենատի կողմից օրինագծի հաստատման համար կարող է հիմք հանդիսանալ հենց Թուրքիայի «հիստերիկ» պահվածքը: «Այդ հիստերիկ պահվածքը, որ ուներ Թուրքիան, իրականում շատ ավելի նպաստ բերեց օրինագծի ընդունմանը, որովհետև թուրքերը չեն պատկերացնում, որ այն գործիքներով, որով իրենք խոսում են ազգային փոքրամասնությունների հետ կամ ցեղասպանելով, կամ ջախջախելով, այդ նույն ձեռագրով խոսել մեծ ազգերի հետ, բավական դժվար է», -նշեց քաղաքագետը:

Նրա համոզմամբ, մեր հարևան երկիրը քաղաքակիրթ բանավեճի և որոշումները քաղաքակիրթ դաշտում կայացնելու մշակույթ դեռ չունի: Եվ այն, որ Թուրքիան արդեն հետ է կանչել Ֆրանսիայում իր դեսպանին ու պատրաստել եվրոպական այդ երկրի համար նախատեսվող պատժիչ գործողությունների մեծ ցանկ, ըստ Բեքարյանի, հենց դա է ապացուցում:

«Կանախատեսելի էր: Սա է իրենց մշակույթը` ուժի լեզու, վախի, շանտաժի ու հարկադրման լեզու: Այդ ամենը մենք գիտենք, գիտեն քրդերը, այդ լեզուն աշխարհն էլ է տեսնում ու հասկանում», -նշեց մեր զրուցակիցը:

No comments: