Sunday, December 11, 2011

Հայաստանի ներքին պարտքը կրկնապատկվել է

Bnaban.am. 10-12-2011- Հայաստանի արտաքին պարտքի մասին սովորաբար խոսվում է շատ ավելի, քան ներքին պետական պարտքի, մինչդեռ վերջին երեք տարում այն ևս կրկնապատկվել է: 2011թ. ներքին պետական պարտքի ծավալն անվանական արժեքով կկազմի շուրջ 216,3 մլրդ դրամ, որից շրջանառելի պարտատոմսերի ծավալը` 210,5 մլրդ դրամ, իսկ որպես ներքին պարտք ստացված վարկի ծավալը` 5,8 մլրդ դրամ: 2010թ. Հայաստանի ներքին պետական պարտքը կազմել է 180,3 մլրդ դրամ, որից միայն պարտատոմսերի ծավալը` 173 մլրդ դրամ, իսկ ստացված վարկի ծավալը` 7,3 մլրդ դրամ: Այսինքն` ընդամենը մեկ տարվա ընթացքում Հայաստանի ներքին պետական պարտքն ավելացել է 36 մլրդ դրամով կամ նախորդ տարվա համեմատ ավելի քան 20%-ով:
Սա անհամեմատ մեղմ ցուցանիշ է, քան 2011թ. համեմատությունը 2008 և 2009 թվականների հետ: Մասնավորապես, նախաճգնաժամային 2008թ. Հայաստանի ներքին պետական պարտքը կազմում էր ընդամենը 100,9 մլրդ դրամ, որն ուղիղ մեկ տարում հասավ 149,6 մլրդ դրամի: Ցավոք, թե արտաքին, թե ներքին պետական պարտքի շեշտակի ավելացումն այդ ժամանակահատվածում ցայտնոտի մեջ հայտնված իշխանությունների համար ընդամենը իրավիճակային լուծում էր, որն այսպես թե այնպես` չկանխեց 2009թ. տնտեսական խոր անկումը: 2010թ. Հայաստանի պետական պարտքն արդեն կազմում էր ՀՆԱ-ի 39,8%-ը, որից միայն ներքին պարտքը` 5,2 %-ը, իսկ 2008թ. այն կազմում էր ՀՆԱ-ի ընդամենը 2,8%-ը: Ինչ վերաբերում է 2012թ. բյուջեին, ապա նախատեսվում է, որ պետության ներքին պարտքի ծավալն անվանական արժեքով կկազմի մոտ 241 մլրդ դրամ, այսինքն` այս տարվա համեմատությամբ կավելանա շուրջ 25 մլրդ դրամով: Բնականաբար, ներքին պարտքի կազմում այսպես կոչված`առյուծի բաժինը պետական պարտատոմսերինն է, որի թողարկման ծավալներն այս տարիներին կտրուկ աճեցին: Զուգահեռաբար աճեց նաև պարտատոմսերի եկամտաբերությունը: Եթե 2008թ. պետական պարտատոմսերի ծավալը կազմում էր 92,3 մլրդ դրամ` 8, 4% միջին կշռված եկամտաբերությամբ, 2009թ. այն կազմում էր 140,6 մլրդ դրամ` 10,4% եկամտաբերությամբ, ապա 2010-ին` մոտ 173 մլրդ դրամ` 11,7% եկամտաբերությամբ: Այսպիսով, պետությունը 2008՟2011թթ. ընթացքում պարտատոմսերի շրջանառելի ծավալը ավելի քան կրկնապատկել է` 92,3 մլրդ դրամից հասցնելով 216,3 մլրդ դրամի, իսկ պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունն էլ համապատասխանաբար 8,4 %-ից հասել է 12,7%-ի: Մասնավորապես, 2011թ. նոյեմբերի 30-ի դրությամբ պարտատոմսերի շուկայում ամենամեծ ծավալ ունեցող միջին ժամկետայնության պարտատոմսերի (ՄԺՊ) միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 13%, երկարաժամկետ պարտատոմսերինը (ԵՊ)` 14%, խնայողական պարտատոմսերինը (ԽՊ)` 12% և պետական կարճաժամկետ պարտատոմսերինը`(ՊԿՊ)` 8,8%: Այսպիսով, պետական պարտատոմսերի շուկան աստիճանաբար ավելի ու ավելի գրավիչ է դառնում նախևառաջ առևտրային բանկերի և ֆինանսական դիլերների համար, որոնք դառնում են պետության կողմից 100 տոկոսով երաշխավորված և ամեն տեսակ ռիսկերից ապահովագրված ավանդատուներ:

Անցյալ տարվա ուսումնասիրություններով ՊՊ-երի նկատմամբ պահանջարկի 91.4 %-ը ձեւավորվել է գործակալների եւ դիլերների սեփական միջոցների, իսկ 8.6%-ը` նրանց ներդրողների հաշվին: 2010-ի վերջի դրությամբ շրջանառության մեջ գտնվող պետական պարտատոմսերի 12,6%-ը գտնվում է ՀՀ Կենտրոնական բանկի, 78,3%-ը` ՀՀ առեւտրային բանկերի, 8,2%-ը` ռեզիդենտ այլ ներդրողների, իսկ 0,6%-ը` ոչ բանկ գործակալների եւ դիլերների պորտֆելում:
Ինչևէ, հետաքրքիր է նաև առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների և խնայողական պարտատոմսերի միջին տոկոսադրույքների հարաբերակցության վերլուծությունը: Ըստ այդմ, 2011թ. դեկտեմբերի դրությամբ 91-ից մինչև 180 օր մարման ժամկետով խնայողական պարտատոմսերի և առևտրային բանկերի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների տոկոսադրույքները համապատասխանաբար կազմել են 10%-ից մի քիչ պակաս և 11%, 181-ից 1 տարի ժամկետի դեպքում` 11% և 12%, իսկ ահա 1-ից 5 տարվա դեպքում` համապատասխանաբար 11,5 ¨ 13%: Այսինքն` պետության կողմից թողարկվող խնայողական պարտատոմսերի տոկոսադրույքներն առնվազն 1-1,5 տոկոսով բարձր են բանկերի կողմից ավանդատուներին առաջարկվող տոկոսադրույքների համեմատ:
Նկատենք, որ այս տարվա տվյալներով խնայողական պարտատոմսերի ծավալը կազմում է 828 մլրդ դրամ: Բնականաբար, պետության կողմից թողարկվող պարտատոմսերի բարձր տոկոսադրույքը ենթադրում է, որ բանկերը ևս չեն կարող ցածր տոկոսադրույքներով ավանդներ ներգրավել: Իսկ բարձր տոկոսադրույքներով ավանդների ներգրավումը նշանակում է նույնքան բարձր տոկոսադրույքներով վարկավորում, ինչն ինքնին ռիսկային է: Այս դեպքում առևտրային բանկերը կարող են նախապատվությունը տալ ոչ թե բարձր ռիսկայնությամբ տնտեսության մեջ ֆինանսական ներարկումներին, այլ պետության կողմից երաշխավորվող պարտատոմսերի կայուն և վստահելի շուկային: Նույն տրամաբանությամբ և շատ ավելի առարկայորեն` պետական պարտատոմսերի շուկան խոչընդոտում է արժեթղթերի շուկայի կայացմանը:
Թամարա ՂԱԼԵՉՅԱՆ

No comments: