Tuesday, December 13, 2011

Ադրբեջանի ընդդիմությունը խուճապի մեջ է. «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունները շուտով կընդունվեն

News.am. 13-12-2011- Ադրբեջանի ընդդիմությունը խուճապի մեջ է, քանի որ «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները շուտով կընդունվեն: Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը գրում է, որ դեկտեմբերի 17-ին Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը կդիտարկի օրենքի նախագիծը, այնուհետեւ այն քննարկման կդրվի խորհրդարանում:
Ադրբեջանի ընդդիմադիր` «Մուսավաթ» կուսացության փոխնախագահ Գուլաղ Ասլանլիի կարծիքով, իշխանություններն իրականում գաղտնի են պահում, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում օրենքի նախագծով: «Դա ծառայեցվելու է իշխանությունների «սեւ գործի» իրականացմանը: Նախագիծը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելուց առաջ պետք է ձեռք բերեին ադրբեջանական քաղաքական ուժերի համաձայնությունը: Այժմ Վենետիկի հանձնաժողովը նույնիսկ չի մտածում Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների հետ կապ հաստատելու մասին եւ աշխատում է իշխանությունների հետ` իրականացնելով նրանց ցանկությունները: Այդ նախագիծն ամենամեծ ճնշումն ու հարվածը կլինի կուսակցություններին: Մենք նմանօրինակ փոփոխություններ չենք ընդունելու եւ բողոքի ալիք ենք բարձրացնելու»,- ասել է Ասլանլին գրում է «Ենի Մուսավաթ»-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական մամուլը հայտնել էր, որ Միլլի Մեջլիսում նախապատրաստում են «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքում հետադիմական փոփոխություններ կատարել` դրա միջոցով անցում կատարելով միակուսակցական համակարգի: Օրենքում կատարվելիք փոփոխություններից մեկը կապված է կուսակցությունների ֆինանսավորման հետ: Օրենքով պետբյուջեից հատկացված միջոցների 90 տոկոսը տրվում է խորհրդարանում ներկայացված կուսակցություններին, 10 տոկոսն էլ` խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ուժերին: Սակայն նոր նախագծով նախատեսվում է գումար հատկացնել վերջին քվերակության ժամանակ նվազագույնը ձայների 3 տոկոսը ստացած կուսակցություններին: Երկրորդ փոփոխությամբ նոր կուսակցության ստեղծման համար պահանջվում է անդամագրել ոչ թե նախկինի նման հազար, այլ 5 հազար մարդ: Փորձագետների համոզմամբ, այդ փոփոխությունից հետո, առկա քաղաքական ուժերին կպահանջեն կրկին գրացում անցնել, եւ այդ ձեւով «անցանկալի» քաղաքական ուժերը դուրս կմղվեն ասպարեզից:
Երրորդ փոփոխությամբ, գրանցում չունեցող կուսակցություններին արգելվում է ցանկացած ձեւաչափով գործունեություն ծավալել, օրինակ` ելույթ ունենալ հասարակության առջեւ: Խախտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: Փորձագետները գտնում են, որ դա սահմանափակում է մտքի եւ խոսքի ազատությունն ու ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը:

No comments: