Wednesday, December 28, 2011

Հայկական դիվանագիտությունը պետք է սերտորեն համագործակցի Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ուղղվի Ադրբեջանի ազգային շարժումների հետ սերտ համագործակցության հաստատմանը, կարծում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
«Հայաստանի արտաքին քաղաքականությունն անտեսել է այն փաստը, որ Ադրբեջանում բնիկ ժողովուրդներ են ապրում, ովքեր իրենց ճակատագրով մոտ են Լեռնային Ղարաբաղի հայերին: Նրանք հայ ժողովրդի պատմական բարեկամներն ու պոտենցիալ համախոհներն են»,- հայտնեց քաղաքագետը:
Նա նշեց, որ Ադրբեջանի բնակչության շուրջ 60 տոկոսը բնիկ ժողովուրդներ են, ովքեր բնակվում են իրենց պատմական հայրենիքի տարածքներում:
«Այդ ժողովուրդները՝ Ադրբեջանի կազմում դժգոհ լինելով իրենց ճակատագրից, պայքարում են, որի վերջնական նպատակն Ադրբեջանից բաժանվելն է: Ներկայում Ադրբեջանում շուրջ 1,5 մլն թալիշ է բնակվում, շուրջ 1 մլն լեզգին, 150 հազար ավար և այլն»,- ասաց փորձագետը:
Քաղաքագետն ընդգծեց, որ հայկական դիվանագիտության խնդիրն է ազգային շարժումների առավել խոշոր ներկայացուցիչների հետ սերտ հարաբերությունների հաստատումը, մասնավորապես՝ Շամիլի անվան Ավարական ազգային շարժման, «Սադվալ» լեզգիական ազգային շարժման, Հանուն Թալիշի վերածնման հիմնադրամի հետ:
«Հայաստանը պատմական ընկերներ և պոտենցիալ համախոհներ ունի Ադրբեջանի տարածքում, և հատկապես այդ կազմակերպությունների հետ սերտ համագործակցության շնորհիվ Հայաստանը կարող է առանց պատերազմելու հաղթանակ տանել Լեռնային Ղարաբաղի հարցում»,- ասաց նա:--

No comments: