Thursday, December 15, 2011

Թալիշները պահանջում են վերացնել Կովկասի մահմեդականների վարչությունը

Panorama.am. 14-12-2011- Թալիշներով բնակեցված Լենքորանի մի խումբ հավատացյալներ բաց նամակ են հղել Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխուլիսլամ Հաջի Ալլահշուքյուր Փաշազադեին, որում դժգոհություն են հայտնել նրա` հոգևոր առաջնորդի պարտականությունները վատ կատարելու համար և պահանջել են իշխանություններից պաշտպանել իրենց իրավունքները: Նամակում նրանք դժգոհություն են հայտնել շեյխի` հարավային տարածաշրջանի գծով լիազոր ներկայացուցիչ Գանի (Սադի) Ախունդզադեի գործունեությունից:
Ըստ faktxeber.com-ի` նամակում ասվում է. «Լենքորանում հավատացյալ համայնքի համար ստեղծված անտանելի վիճակի, Ախունդզադեի` կրոնավորին անհարիր գործունեության, մեր իրավունքները պաշտպանելու, Ձեզ հետ հանդիպելու մասին Ձեզ հղած մեր բոլոր խնդրանքները, դիմում-բողոքներն անպատասխան են մնում: Մեզ թվում էր, որ Դուք կպաշտպանեք մեզ: Սակայն հակառակը տեղի ունեցավ: Ախունդ Սադին ոգևորված է Ձեր կողմից նրան տրված լիազորություններից և շարունակում է իր սահման չունեցող անօրինականությունները: Ձեր նկատմամբ և, ընդհանրապես, Կովկասի մահմեդականների վարչության նկատմաբ մեր հավատն ամբողջությամբ խաթարված է: Ցարիզմի և խորհրդային կառավարման մնացորդ այդ վարչությունը վաղուց կորցրել է իր նշանակությունը: Չնայած իր հնչեղ անվանը, վարչության լիազորությունները սահմանափակվում է Ադրբեջանով: Ադրբեջանից դուրս, բացի Դերբենդի և Խասավյուրտի 2 շիա մզկիթներից, այդ վարչության և Ձեր` որպես ղեկավարի լիազորությունները չի ճանաչվում: Չնայած զբաղեցրած Ձեր կարևոր պաշտոնին, Դուք չեք պաշտպանում հավատացյալների իրավունքները, միջնորդ չեք հանդիսանում պետության և հավատացյալների միջև, հակառակը` եղած անդունդն ավելի եք խորացնում: Ազանի, հիջաբի, մզկիթների քանդման և փակման նման կարևոր հարցերում ամոթալի լռություն պահպանեցիք»:
Նամակն ավարտվում է հետևյալ խոսքերով.«Այսօր Ադրբեջանի բազմաթիվ վայրերում սահմանափակվում կամ արգելվում է Աշուրայի սգո արարողությունները: Դա կատարվում է նաև հայրերի հայրենիք Լենքորանում: Սակայն դրա դեմ Դուք ոչինչ չեք ձեռնարկում: Հաշվի առնելով այդ բոլորը` Լենքորանի հավատացյալ հանայնքը իր պարտքն է համարում հասցնել Ձեր ուշադրությանը, որ կողմնակից է Կովկասի մահմեդականների վարչության վերացմանը, Թուրքիայում եղածի նման` Կրոնական գործերի նախագահության ստեղծմանը, իսկ Ձեզ` այդ պաշտոնից հեռացմանը»:

No comments: