Saturday, December 10, 2011

Ս.Նիկոյան. «Ղարաբաղյան հակամարտության հարցում անթույլատրելի է երկակի ստանդարտների կիրառումը»

Panorama.am. 9-12-2011- Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը և նրա գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ազգային Ժողով, որտեղ հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Սամվել Բալասանյանը, մշտական հանձնաժողովների նախագահներ և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով Լիբանանի նախագահի և նրա ղեկավարած պատվիրակության այցը` Հայաստանի խորհրդարանի նախագահ Ս.Նիկոյանը համոզմունք է հայտնել, որ այն խթան կհանդիսանա հայ-լիբանանյան հարաբերությունների, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում: Նաև գոհունակությամբ փաստել, որ հայ-լիբանանյան միջխորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ս.Նիկոյանի խոսքերով` Հայաստանը Լիբանանի հետ ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ու ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներ , շարունակելու է արդյունավետ համագործակցությունը թե′ միջազգային ասպարեզում և թե′ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Իսկ նախագահ Սուլեյմանի պաշտոնական այցը Հայաստան մեծ լիցք կհաղորդի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը բոլոր ուղղություններով:

«Լիբանանի հայ համայնքը, հանդիսանալով հուսալի և ամուր կամուրջ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև, միաժամանակ կարողացել է պահպանել իր ազգային հարուստ մշակույթն ու արժեքները, ակտիվորեն մասնակցել Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին»,- հայտարարել է ԱԺ նախագահը:

Իսկ անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին Ս.Նիկոյանը կարևորել է տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը ու այս համատեքստում շնորհակալություն հայտնել Լիբանանի կառավարությանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշման համար.
«Նման հարցերում անթույլատրելի են երկակի ստանդարտների կիրառումը»,- հավելել է խոսնակը:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Լիբանանի նախագահը, նախ, շնորհավորել է Ս.Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրա նախագահության օրոք հայ-լիբանանյան միջխորհրդարանական գործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել:

Այնուհետ նախագահ Սուլեյմանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացները, կարևորել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությունը և փոխաջակցությունը: Իսկ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին նշել, որ այն պետք կարգավորվի միջազգային չափանիշներին համապատասխան, ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:
Հանդիպմանը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ևս:

No comments: