Wednesday, December 21, 2011

Իրանցի պաշտոնյա. Կասպից ծովն ամենաշատն աղտոտում է Ադրբեջանը

Panorama.am. 20-12-2011- «Կասպից ծովն ամենաշատն աղտոտում է Ադրբեջանի Հանրապետությունը»:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` հայտարարել է ԻԻՀ կառավարությանն առընթեր Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադզադեն:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ Կասպից ծովում նավթի և գազի արդյունահանումն ամենաշատն իրականացնում են Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ռուսաստանը, սակայն արդյունահանման հետևանքով Կասպից ծովն ամենաշատն Ադրբեջանն է աղտոտում:
Հիշեցնենք, որ օրերս Իրանը հայտարարեց, որ Կասպից ծովում գազի նոր հանքավայր է հայտնաբերել, որտեղից նախատեսվում է ավելի քան 50 հազար միլիարդ խորանարդ ֆուտ գազ արդյունահանել: Այդ առնչությամբ ԻԻՀ նախագահը հայտարարեց, որ գազի նոր հանքավայրն Իրանի դերը կբարձրացնի Կասպից ծովի տարածաշրջանում և կփոխի տարածաշրջանի քաղաքական և էներեգետիկ հավասարակշռությունը:
Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները` Իրանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախաստանն ու Ադրբեջանը, Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ` Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը վերջերս հայտարարել էր, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի:

No comments: