Tuesday, December 13, 2011

ԵԿԵՂԵՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՐԱԽ Է ԴԱՐՁԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ազգայնամոլները դեմ են նաեւ փոքրամասնություններից առգրավված համայնքային կալվածքների վերադարձմանը

«ԱԶԳ», 13-12-2011- «Ազգի» դեկտեմբերի 8-ի համարում Դերսիմի իրադարձությունների շուրջը Թուրքիայում ծավալվող բանավեճերի առնչությամբ նշել էինք, որ այդ իրադարձությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպանություն, ուստի Հայոց ցեղասպանությունը ժխտող տրամաբանությունը պիտի ժխտեր նաեւ Դերսիմի կոտորածները, իսկ դրանց նմանությունը պետք է դրսեւորման նոր առիթ հանդիսանար հայկական դավադրության որոնումների համար, հատկապես «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ «Ազգայնական շարժում» կուսակցության հայատյաց հրոսակների պարագայում:
Նեոֆաշիստական այս կուսակցությունը խորհրդարանական է: Նրա ներկայությունը Թուրքիայի ազգային մեծ ժողովում թուրքական հասարակական-քաղաքական շրջանակները դիտում են որպես անհրաժեշտություն, հակակշռելու համար «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության քրդական ազգայնականությունը: Եթե նույնիսկ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը հանդես գա քրդական ազգայնականության դիրքերից, միեւնույն է, նա 550 տեղանոց Մեջլիսում ընդամենը 26 պատգամավոր ունի: Այսինքնՙ պատգամավորական տեղերի նույնիսկ 5 տոկոսը չի զբաղեցնում:
Հակառակ դրան, «Ազգայնական շարժում» կուսակցության օրակարգը մշտապես զբաղված է այլատյացության առավել վառ դրսեւորումը հանդիսացող հայկական դավադրության որոնումներով: Դեկտեմբերի 9-ին, եբ Մեջլիսում քննարկվում էր վարչապետ Էրդողանի կառավարության բյուջեն, այս կուսակցության պատգամավորներից Մուստաֆա Քալայջին ասաց, որ երկրում վերակառուցման կարիք ունեցող բազմաթիվ մզկիթներ աչքաթող են արվել, երկիր սահմաններից դուրս, մասնավորապես բալկանյան երկրներում թուրքական մզկիթները գիտակցաբար փակում, օսմանյան հուշարձանները ավերում ենՙ խլելով մահմեդական համայնքների ձեռքից, իսկ Էրդողանի կառավարությունը ոչ միայն անուշադրության է մատնում այս ամենը, մզկիթները մի կողմ թողած քրիստոնեական եկեղեցիներն է վերականգնում եւ թույլ է տալիս, որ աղոթեն:
Քալայջին հատուկ նշեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, ապա հարցրեց Էրդողանի կառավարությունը քանի՞ քրիստոնեական եկեղեցի է վերանորոգել, կառավարությունը մտադիր չէ՞ մզկիթների պարագայում նույնը պահանջել քրիստոնյա երկրներից եւ պատրաստվո՞ւմ է գոնե ուրբաթօրյա նամազի թույլտվություն տալ Այա Սոֆիայում:

Այս պատգամավորը կառավարությանը խստագույնս քննադատեց նաեւ ազգային փոքրամասնություններից առգրավված կալավածքները վերադարձնելու որոշման համար, թե առգրավվել են նաեւ մահմեդական համայնքների պատկանող կալվածքներ ինչպես Թուրքիայում, այնպես էլ հարեւան երկրներում, որոնք, սակայն, չեն վերադարձվում:

Էրդողանի կառավարության անունից պատգամավորի հարցերին պատասխանեց փոխվարչապետ Ալի Բաբաջանը: Նա շրջանցելով Այա Սոֆիային առնչվող հարցը, ասաց, որ առ այսօր վերանորոգվել է 8 եկեղեցի, իսկ 3 եկեղեցու վերանորոգումը դեռեւս շարունակվում է: Ինչ վերաբերում է համայնքային կալվածքների մասին հարցին, ապա Բաբաջանը դրա առնչությամբ, ինչպես դեկտեմբերի 10-ին վկայել է թուրքական մամուլը, ընդգծեց. «Ցավոք, Թուրքիայում ոչ մահմեդական լինելու պատճառով, փոքրամասնությունների նկատմամբ ժամանակ առ ժամանակ դրսեւորվել են սխալ մոտեցումներ եւ անարդարացի վերաբերմունք: Մինչդեռ, եթե պետությունը հզոր է, իսկ երկիրըՙ մեծ, նա վաղ թե ուշ պետք է վերանայի բոլոր անարդարությունները»:

Նախ պետք է ասել, որ մի քանի եկեղեցու, մասնավորապես Աղթամարի Սուրբ Խաչի վերանորոգումը, այն էլ տարվա մեջ մեկ օր ընդամենը մի քանի ժամով ժամերգության թույլտվությամբ, անարդարության վերացմանը որեւէ առնչություն չունի, էլ չենք խոսում այն մասին, որ վերանորոգված եկեղեցին թանգարանի կարգավիճակում է: Օրինակ Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական բոլոր եկեղեցիները պետության միջոցներով վերանորոգվում եւ հանձնվում են հայ համայնքին:

Ավելին, մինչեւ 1915 թ. երկրում գործող 2500 հայկական եկեղեցիները, վանքերը չհաշված, ավերվել են ոչ թե Իրանում, այլ Թուրքիայում: Որքան էլ պատգամավոր Քալայջին մատնացույց անի բալկանյան երկրներին, որոնցում իբր անմխիթար վիճակում են իսլամական աղոթարաններն ու հուշարձանները, ներկայումս Եվրոպայում գործում է շուրջ 3 հազար մզկիթ, որից 2 հազարը թուրքական են եւ այդ մզկիթները կառուցվել են վերջին տարիներին, այլ ոչ թե թուրքերի ավերած եկեղեցիների պես դարերի վաղեմություն ունեն:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: