Tuesday, December 13, 2011

Սարգսյանը հանդիպել է Բենեդիկտոս XVI-ի հետ

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը երեկ տեղեկացրեց , որ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Իտալիա: Այցի առաջին օրը Հանրապետության ղեկավարը Վատիկանում հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ: Նախագահի և Նորին Սրբության առանձնազրույցից հետո, տեղի է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ Նախագահի գլխավորած պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումը:
Հանրապետության ղեկավարը և Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Կողմերը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կաթոլիկ եկեղեցու միջև համագործակցության, հանուն համընդհանուր բարօրության՝ հասարակության մեջ երկու եկեղեցիների ունեցած մեծ դերի մասին: Ընդգծվել է սերունդներին քրիստոնեական արժեքների ոգով դաստիարակման կարևորությունը:

Սերժ Սարգսյանն նոյն որը հանդիպում է ունեցել նաև Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի հետ:

Կողմերը կարևորել են երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը: Նախագահ Սարգսյանը և Կարդինալ Տարչիցիո Բերտոնեն խոսել են մշակութային կապերի ամրապնդման մասին ևս: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ արտերկրում հայկական մշակութային ժառանգության պահպանման համար: Երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ Հայաստանում և Վատիկանում դեսպանների նշանակումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների խորացման համար:

Պետքարտուղար Կարդինալի հետ հանդիպումից հետո Հանրապետության ղեկավարը Վատիկանում այցելել է Սուրբ Պետրոս Մայր տաճար և տաճարի արտաքին որմնախորշում տեղադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանին:

Այցի առաջին օրը Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթոլիկ եկեղեցի:


No comments: