Friday, December 9, 2011

Թուրքիան պնդում է, որ ահաբեկիչների դեմ քիմիական զենք չի օգտագործում

Tert.am. 9-12-2011- Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազաներում քիմիական զենք չկա, իսկ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարն իրավական նորմերի շրջանակում է իրականացվում։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը, այս մասին նշվում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրության մեջ։
«Արևմտյան և տեղի որոշ լրատվամիջոցներում անհիմն տեղեկություն է տարածվում առ այն, թե Թուրքիայի Զինված ուժերն ահաբեկիչների դեմ պայքարում քիմիական զենք են օգտագործում։ Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազաներում քիմիկան զենք չկա։ Անջատողական ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարն իրականացվում է ազգային և համաշխարհայինն իրավական նորմերի շրջանակում»,–ասված է հաղորդագրությունում։
Երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի անվտանգության ուժերի իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում Շիրնակ քաղաքում 14 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են մի շարք ահաբեկություններին մեղսակից լինելու և դրանց աջակցելու մեջ։
Նշենք, որ Թուրքիայում վերջին շրջանում հաճախակի են ահաբեկություններ տեղի ունենում, որոնց պատասխանատվությունը, հիմնականում, իր վրա է վերցնում Քրդստանի աշխատավորական կուսակցության (РКК) այս կամ այն թևը։
Քրդական աշխատավորական կուսակցությունը 25 տարուց ավելի է, ինչ պայքարում է հարավ-արևելյան Թուրքիայում ինքնավարություն հաստատելու համար։ Հակամարտության հետևանքով ավելի քան 40,000 մարդ է սպանվել։

No comments: