«Լրագիր» 21-12-2011- Օրերս հրապարակվել էր մի սոցիոլոգիական հարցում, որտեղ ներկայացվել էին քաղաքական գործիչների տարատեսակ վարկանիշեր: Հետաքրքրականն այն էր, որ «Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոն» կազմակերպության անունից հրապարակված հարցման մեջ ներկայացված էին Հայաստանի իշխանա-քաղաքական բոմոնդի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ սկսած Սերժ Սարգսյանից, մինչեւ անգամ Լեւոն Զուրաբյան, բացառությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի: Որքան էլ զարմանալի էր, ԲՀԿ-ից «ներկայացված» էր Հարություն Քուշկյանը, որպես քաղաքական դաշտում հայտնի գործիչ:Միգուցե հարցման կազմակերպիչների համար Ծառուկյանը այսպես ասած մրցակցությունից դուրս է եւ ամենից վեր, դրա համար էլ նրա անունը չկար: Բայց, անգամ այդ դեպքում, հետաքրքրական է Քուշկյանի անվան ներկայությունը, որովհետեւ առողջապահության նախարարը կարծես թե երբեք էլ չի ներկայացել որպես ակտիվ քաղաքական դեմք, անգամ երբ նա Երեւանի քաղաքապետի ընտրությանը գլխավորում էր ԲՀԿ ցուցակը: Նույնիսկ այդ ժամանակ Քուշկյանը Ծառուկյանի հետին պլանում էր:
Մի առիթով, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե ինքը կուսակցության նախագահի պաշտոնից կառչած չէ եւ եթե գիտենա, որ կա մեկը, ով իրենից ավելի լավ կգլխավորի կուսակցությունը, ապա նախագահի պաշտոնը կթողնի նրան:
Շատերը համարեցին, որ Ծառուկյանը նկատի ուներ Քոչարյանին: Բայց, ԲՀԿ եւ Քոչարյանի առերեւույթ միաձուլում տեղի չունեցավ, թերեւս այն պատճառով, որ Ծառուկյանը հասկացավ Քոչարյանի հետ այդօրինակ միաձուլման վտանգավորությունը ԲՀԿ վարկանիշի տեսանկյունից, եւ ընդհանրապես ներիշխանական համակարգային ճգնաժամի սրացման տեսանկյունից:
Հավանական է, որ Ծառուկյանն ասելով կուսակցության նախագահի պաշտոնից իր հեռանալու հնարավորության մասին, կամ կառչած չլինելու մասին, ամենեւին էլ նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին: Ծառուկյանը գուցե ոչ մեկին էլ նկատի չի ունեցել, այլ պարզապես հայտարարություն է արել իրեն մանեւրի տեղ թողնելու համար, հստակ պատկերացնելով, որ Հայաստանը մտել է բավական բարդ ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական զարգացումների շրջան, որտեղ հնարավոր է գրեթե ցանկացած զարգացում, եւ պետք է պատրաստ լինել ամենաանակնկալ շրջադարձերի անգամ:
Դժվար է ասել, թե արդյոք ներկայում իրավիճակն այնպիսին է, որ Ծառուկյանի առաջ իսկապես կարող է կանգնել կուսակցության ղեկավարի պաշտոնի հետ կապված մանեւրի անհրաժեշտություն, բայց Քուշկյանի «ֆենոմենը» կարծես թե նշմարելի է:
Դա իհարկե չի նշանակում, որ Ծառուկյանը մոտ ապագայում կարող է իր տեղը զիջել նրան եւ փորձել աստիճանաբար հեռանալ քաղաքականությունից, բնույթով չլինելով դրա մարդ եւ նախընտրելով պարզապես զբաղվել բիզնեսով եւ բարեգործությամբ, չծանրաբեռնվելով քաղաքական ավելորդ պատասխանատվությամբ: Իհարկե, Ծառուկյանի համար հեշտ չի լինի այդպիսի անցումը, քանի որ ներկայում քաղաքականության մեջ նա բավական այսպես ասած առաջապահ դիրքերում է հայտնվել, այդքան հեշտ դուրս գալու համար:
Բայց սկսել, այսպես ասած ելման դիրք փուլային վերադարձ կատարել նա կարող է ասենք հենց 2012 թվականի ընտրության առիթով, չմտնելով ԲՀԿ համամասնական ցուցակ եւ առաջին տեղն օրինակ թողնելով հենց Քուշկյանին: Ավելին, Ծառուկյանն ինքը ընդհանրապես կարող է հրաժարվել պատգամավորությունից, նաեւ հենց այն համատեքստում, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները պետք է չլինեն խորհրդարանում: Ծառուկյանն իր օրինակով կարող է ցույց տալ, որ խորհրդարան է գործուղում այսպես ասած մասնագետների, ինքը մնալով դուրս եւ պարզապես զբաղվելով տնտեսական խոշոր գործունեությամբ:
Չի բացառվում նաեւ, որ այդ տարբերակը կարող է լինել Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի փոխզիջման արդյունք, միասնական ցուցակի ներկայիս քննարկումներում: Փոխզիջումը կարող է լինել այն, որ ԲՀԿ-ն գնում է առանձին ցուցակով, բայց ԲՀԿ հետ խորհրդարան չի գնում Ծառուկյանը:
Իհարկե, ԲՀԿ առաջնորդի համար քաղաքական տեսանկյունից այդ փոխզիջումն էլ ցանկալի չէ: Բայց, քաղաքական հեռանկարի տեսանկյունից ԲՀԿ առաջնորդի համար թերեւս միակ տարբերակը կոալիցիայի եւ Սերժ Սարգսյանի հետ կապը խզելն է, եւ կամ ինքնուրույն բեւեռ ձեւավորելն է, կամ էլ Կոնգրեսի հետ գործակցելը: Քաղաքական հեռանկարի այլ տարբերակ Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը Ծառուկյանին չեն թողել, եւ Ծառուկյանն ինքն էլ չի թողել՝ փետրվարի 17-ի հուշագիրը ստորագրելուց հետո:
Ու հարցն այստեղ այն է, թե արդյոք Ծառուկյանը գնում է այդ տարբերակին, այսինքն քաղաքական տարբերակի: Եթե ոչ, ապա թերեւս ամենաճիշտ տարբերակը քաղաքականությունից գնալու տարբերակն է, որովհետեւ մնալն արդեն քաղաքականություն չի լինի: Իսկ այդ դեպքում արդեն, խորհրդարանային ցուցակի փոխզիջումը՝ երբ ԲՀԿ-ն առանձին ցուցակով նշանակալի տեղ է ստանում խորհրդարանում, բայց դրա դիմաց Ծառուկյանը հրաժարվում է ցուցակից եւ մանդատից ու պահում տեղը բիզնեսում, ԲՀԿ առաջնորդի համար դառնում է բավական սահուն եւ օպտիմալ տարբերակ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment