Tuesday, December 20, 2011

Մոտ մեկ ամսից Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Բրայզան ստիպված կլինի տուն վերադառնալ. The Washington post

Tert.am. 19-12-2011- «ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից մեկ տարի առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակված բարձրակարգ դիվանագետ Մեթյու Բրայզան մոտ մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածից ստիպված կլինի տուն վերադառնալ»,– գրում է ամերիկյան The Washington post պարբերականի հոդվածագիր Ֆրեդ Հայաթը՝ հավելելով, որ Բրայզայի թեկնածության հաստատման ձախողումը վառ օրինակ է այն բանի, թե ամերիկյան ազգային շահերն ինչպես կարող են մասնավոր շահերի և քաղաքական խորամանկ քայլերի զոհը դառնալ։
Մեթյու Բրայզայի թեկնածությունն ամիսներ շարունակ չէր հաստատվում ԱՄՆ Սենատում։ ԱՄՆ սահմանադրության համաձայն՝ երկրի նախագահի կողմից առաջադրված թեկնածունները պետք է հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի Սենատի կողմից։
Սակայն այն դեպքում, երբ Կոնգրեսը միջնստաշրջանային արձակուրդում է գտնվում, ապա երկրի նախագահը կարող է կադրային նշանակումներ կատարել միանձնյա՝ առանց Սենատի հավանության։
Բարաք Օբաման անցած տարեվերջին օգտվեց իր այդ իրավունքից՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելով Բրայզայի թեկնածությունը։ Սակայն եթե սենատորները մինչև Կոնգրեսի հաջորդ նստաշրջանի վերջը (2011թ նոյեմբեր–դեկտեմբեր) չհաստատեն Բրայզայի թեկնածությունը, ապա Օբամայի վերոնշյալ հրամանը կորցնելու է իր ուժը։
«Այդ պատմությունը չսկսվեց նավթով հարուստ, զարգացած արդյունաբերություն ունեցող, Կասպից ծովի ափերին գտնվող նախկին խորհրդային երկիր Ադրբեջանում, որը 8 մլն բնակչություն ունի։ Պատմությունը կապված է նրա հարևանի, մշտնջենական թշնամի, նավթով աղքատ, քրիստոնյա երկիր Հայաստանի հետ (բնակչությունը՝ 3 մլն)»–գրում է հոդվածագիրը՝ շեշտելով, որ այսպես կոչված «սառը խաղաղությունը» Հայաստանի համար էլ ավելի է խորացրել «դեպի ծով ելքի բացակայության հետևանքները և Հայաստանին թողել է Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի ոչ այնքան նուրբ ձեռքերում»։
Հայաթն այնուհետև նշում է, որ Բրայզայի թեկնածության հաստատման ձախողման գործում մեծ է եղել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և հայամետ կոնգրեսականներ Բարբարա Բոքսերի և Ռոբերտ Մենենդեսի դերը, որոնք իբր համարել են, թե «Բրայզայի թշնամանքը Հայաստանի ախոյան Ադրբեջանի հանդեպ բավարար չէ»։
«Երբ նախագահ Օբաման 2010թ. առաջին անգամ առաջադրեց Բրայզայի թեկնածությունը, Բոքսերն ու Մենենդեսը հետաձգեցին նրա նշանակումը՝ արգելափակելով նրա քվեարկությունը Սենատում....։ Երկու դեմոկրատները հետագայում էլ շարունակեցին Բրայզայի նշանակման դեմ հանդես գալ՝ անտեսելով նրա մասնագիտական որակները։ Մենենդեսը, որպես Բրայզայի դեմ փաստարկ, առաջ քաշեց այն, որ նա դեմ է ԱՄՆ–ի կողմից՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, իսկ Բոքսերը՝ այն, որ նա համոզիչ կերպով չի խոսում Ադրբեջանի ագրեսիայի մասին, իսկ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը՝ թե Բրայզայի կինը թուրքական արմատներ ունի, ինչպես նաև արտաքին քաղաքականության փորձագետ է»,–նշված է հոդվածում։
Հայաթը, չհամաձայնելով վերոնշյալ փաստարակների հետ, գրում է, որ Բրայզան մեծ ներդրում է ունեցել Ադրբեջանի վարչակարգի և քաղաքացիական հասարակության միջև երկխոսության կայացման գործում։ «Նա (Բրայզան) նաև նպաստում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Եթե Ադրբեջանը տեսնի, որ հայկական լոբբին և 100 սենատորից երկուսն արգելափակման ուժ ունեն, ապա քիչ հավանական է, որ կհավատան հաջորդ դեսպանի չեզոք դիրքորոշմանը»,–գրում է Հայաթը՝ ընդգծելով, որ արդյունքում ամենամեծ կորուստը կրելու են ոչ թե ամերիկացիները, կամ ադրբեջանցիները, այլև՝ հայերը։
« Այս ամենի արդյունքում ամենամեծ կորուստը կրելու են ոչ թե ամերիկացիներն ու ադրբեջանցիները (Ադրբեջանում մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը երկու անգամ գերազանցում է Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող եկամտի չափը) այլև Հայաստանի աղքատ ու մեկուսացված ժողովուրդը, որը հերթական անգամ դառնալու է քաղաքական խաղի զոհ, ինչը, սակայն, որևէ կերպ չի ազդելու նրա բարեկեցության վրա»,–եզրափակում է հոդվածագիրը։

No comments: