Sunday, January 29, 2012

ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառում` Աթենքում

Աթենք, ՙՀայաստան՚ լրատու, 28.01.2012- Ս.թ. հունվարի 26-ին, 9-րդ հաջորդական տարին լինելով, Հունաստանի զինված ուժերի ՙՍպայի տան՚ հանդիսասրահում կազմակերպվեց և իրականացվեց ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա են գտնվել մոտ 250 հրավիրյալ: Պաշտոնական հյուրերը ողջունվել և զինվորական պատիվներով են ընդունվել Հունաստանի ցամաքային զորքերի ՙԷվելպիդոն՚ ռազմական ակադեմիայիում սովորող հայ կուրսանտների, ՀՄԸՄ և ՙԱրարատ՚ մարզա-մշակութային միության արի-արենույշների խմբերի կողմից: Միջոցառումն սկսվել է երկու երկրների ազգային հիմներգերով, շարունակվել` հունահայ համայնքի հոգեւոր դասի օրհնության արարողությամբ, ինչին հետևել է Հայաստանի Ա Հանրապետության բանակային քայլերգը՝ ՙՀառաջ, նահատակ՚, հայ կուրսանտների և Դավիթ Այվազյանի կատարմամբ: ՀՀ ԶՈՒ վերակազմավորման, հայ-հունական պատմական զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ` անգլերեն լեզվով ամփոփ ելույթով հանդես է եկել Հունաստանում և Կիպրոսում ՀՀ ռազմական կցորդ` գնդապետ Սամվել Ռամազյանը: Նա շեշտվել է, որ հայ-հունական ռազմական համագործակցությունը մշտապես կայուն զարգացում է դրսևորում: Ազգային մարտական պարերով հանդես է եկել Համազգային միության պարախումբը: Այնուհետև հանդիսավոր պայմաններում կայացել է ՀՀ ԶՈՒ զինանշանի պատկերով տորթի կտրումը` հայ-հունական ռազմական համագործակցության վետերան, Հունաստանի Ազգային Պաշտպանության Գլխավոր Շտաբի պատվավոր պետ, գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսի ձեռամբ: Միջոցառման ավարտական բաժնում իրականացվել է հունական և հայկական խոհանոցի տարրերով պաշտոնական հյուրասիրություն` որն ուղեկցվեց Կարպիս Բարդակչյանի կողմից ազգային, ռազմական երգերի կատարմամբ և ՀՀ ԶՈՒ կուրսանտների ավանդական քոչարիով: Հանդիսությանն ի մասնավորի ներկա են գտնվել. -Հունաստանի ազգային հերոս Մանոլիս Ղլեզոսը, -Հունաստանի խորհրդարանի հայ-հունական բարեկամության խմբի անդամ, Ներքին գործոց նախկին նախարար Պրոկոպիս Պավլոպուլոսը, -Հունաստանի ԱՊ և զորատեսակների` ԱՊ, ՑԶ, ՌՕՈՒ և ՌԾՈՒ ԳՇ-ների պետերի ներկայացուցիչներ, -Հունաստանի ԱՊՆ, ԱՊ և զորատեսակների ԳՇ վարչությունների պետերը և սպաները, -ՑԶ ռազմական ակադեմիայի ղեկավար և պրոֆեսորա-դասախոսական կազմը` տեղում ուսանող հայ, հույն և կիպրացի կուրսանտների խմբով, -Հրետանու դպրոցի ունկնդիր հայ սպաներ, -Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսը` հանձինս ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Կիպրոսի, Ռումինիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Սերբիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Նախկին հարավսլավական Մակեդոնիայի հանրապետության, Ալբանիայի, Եգիպտոսի, Սիրիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի դեսպանների, դիվանագիտական ներկայացուցիչների, ռազմական, զինվորական, ՌՕՈՒ, ՌԾՈՒ և սպառազինության կցորդների, -ՀՀ-ում պաշտոնավարած հույն ռազմական կցորդներ, -հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ, -ՀՀ ԶՈՒ կուրսանտների ուսումնառությանն օժանդակող ՙԵրևան՚ խնամակալ միության ներկայացուցիչներ, -հայկական, հունական, ռուսալեզու և անգլալեզու ազգային-հասարակական և ռազմական ԶԼՄ-ների խմբագիրներ ու թղթակիցներ: Միջոցառումն անցել է հաջողությամբ` բարձր ներկայացուցչական մակարդակով:

No comments: