Saturday, January 28, 2012

Հայաստանն այսօր նշում է Ազգային բանակի կազմավորման 20–րդ տարեդարձը

Tert.am. 28-1-2012- 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: Նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին Ներքին գործերի նախարարության միլիցիայի պարեկապահակային գունդը, հատուկ նշանակության օպերատիվ գունդը, քաղաքացիական պաշտպանության գունդը և հանրապետական զինվորական կոմիսարիատը: Ավելի ուշ հիմնվեց Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատը` Գլխավոր շտաբը, վարչություններն ու առանձին բաժինները: 1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: Հիմնարար գործընթացների ու իր առջև դրված խնդիրների տեսանկյունից մեր բանակի անցած ուղին Հայաստանի պաշտպանության նախարարությունը պայմանականորեն բաժանում է երեք փուլի: Առաջին. 1988-ի փետրվար-1992 թվականի մայիս, երբ ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ: Երկրորդ. 1992թ. հունիս-1994 թվականի մայիս, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի Հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև Ազգային բանակի ստեղծմանը: Երրորդ. 1994թ. հունիսից մինչ օրս: Այս փուլը, կարելի է անվանել բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես նաև բանակ-հասարակություն հարաբերություններում առկա անջրպետի տարեցտարի վերացման փուլ, երբ հաստատված հրադադարից հետո երկրի իշխանություններն ու բանակի ղեկավարությունը հնարավորություն ստացան արդեն խաղաղ պայմաններում ջանքերը կենտրոնացնել բանակի, որպես ռազմապաշտպանական համակարգի, վերջնական ձևավորման, բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումներն ստեղծելու ու գործադրելու ուղղությամբ։

No comments: