Monday, January 9, 2012

Արտագաղթը կարելի է ընդունել որպես ենթագիտակցական մղում դեպի «ուրիշը», «լավագույնը». հոգեբան

1in.am. 9-1-2012- Արտագաղթը՝ որոշակի սահմաններում, կարելի է ընդունել որպես նորմալ երևույթ: Այն բնութագրական է բոլոր ժողովուրդներին` որպես ժողովրդական տեղաշարժ: Սակայն մեզ` հայերիս համար, արտագաղթն առանձնահատուկ կերպով ցավալի է ընկալվում, մանավանդ, որ այն վտանգավոր չափերի է հասել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, վերլուծելով արտագաղթի երևույթը և դրա առանձնահատկությունները, ասաց հոգեբան Հրաչ Հովհաննիսյանը:
Արտագաղթը, ըստ նրա, առաջին հայացքից զուտ ժողովրդագրական երևույթ է և վտանգավոր է լոկ պետականության տեսակետից: Որպես դրա հիմնական պատճառներ՝ բերվում են ապրուստի խնդիրները, աշխատանքի և զբաղվածության հարցերը, սոցիալական անհավասարությունն ու անարդարությունը և դրանցից բխող անապահովության զգացումը: Արտագաղթող մարդը փորձում է այս հոգսերը լուծել արտերկրում: Շատ դեպքերում դա նրան հաջողվում է, բայց ավելի հաճախ` ոչ;

Մեծամասամբ համաձայնելով վերոնշյալ տարածված կարծիքի հետ՝ Հ. Հովհաննիսյանն ուշադրություն հրավիրեց արտագաղթի ևս մեկ պատճառի` հայ ազգային բնավորության մի գծի վրա, որի շնորհիվ մենք գոյատևել ենք հազարամյակներ շարունակ, և այս գծի պատճառով է, որ կորցրել ենք տարածքներ:

«Հայկական սփյուռքը ոչ միայն պատմական անբարենպաստության արդյունք է, այլև համաշխարհայնության, ամենաբնակության և լայն մտահորիզոնի ու ստեղծագործականության հատկանիշների: Հենց սրանց համադրությունն եմ համարում ազգային այն բնավորությունը, որի շնորհիվ կամ պատճառով հայերը այսչափ արտագնա վարքագիծ են դրսևորում»,- հավելեց հոգեբանը` ընդգծելով, որ այդ բնավորության միջոցով մարդը մի կողմից անհատականանում է, առանձնացնում իրեն մյուսներից (հաճախ նաև իր խմբակիցներից), և հեշտ ու հանգիստ փոխում է խմբային պատկանելությունը, մյուս կողմից` անհատականության մաս համարելով որևէ կայուն հատկանիշ (օրինակ` լեզուն կամ ազգային որևէ խորհրդանիշ), նույնականանում է դրա հետ:

«Մեր ազգը, ունենալով հարուստ մշակութային ժառանգություն, իրադարձություններով հարուստ պատմություն, տարբեր ազգերի հետ շփման տարաբնույթ եզրեր, հասցրել է կերտել բազում խորհրդանիշներ: Վերջիններիս հետ նույնականացումը զուգորդվում է համամարդկային արժեքներով, որոշ դեպքերում` ընդօրինակելու ձգտումով: Այլ ժողովուրդները միաժամանակ և՛ օտար են, և՛ կարող են դառնալ ընդունելի և ընդօրինակելի: Մի տեսակ ողջունելի է դարձել օտար մշակութային տարրերի յուրացումը (լեզուներ, պարեր, հագուստ, սնունդ, տոնական արարողություններ և այլն): Սա մեզ քաջ հայտնի «օտարամոլության» երևույթն է: Վերջինս կարող է դրսևորվել դրական շղարշի ներքո, ասացվածքների կամ նշանաբանների մեջ: Մեր ժողովրդի մեջ լայնորեն տարածված է «Մերն ուրիշ է» նշանաբանը` որպես լավագույն բաները շեշտադրող արտահայտություն: Մենք դրական հուզականությամբ ենք արձագանքում այն ամենին, ինչը մեզ «ուրիշ» է թվում` բառի ոգևորող իմաստով: Սակայն քիչ ենք կենտրոնանում փաստի վրա, որ «ուրիշը» նաև «օտարի» հոմանիշ է: Այս հանգամանքը, կարծես, մերձեցնում է օտարը»,- համոզմունք հայտնեց վերջինս:
Նրա խոսքով՝ մեր դեպքում արտագաղթը կարելի է ընդունել որպես ենթագիտակցական, զանգվածային մղում դեպի տարբերվողը, «ուրիշը», այսինքն` «լավագույնը»: Առանձնանալու, տարբերվելու ձգտումն արտահայտվում է բողոքով այն ամենի նկատմամբ, ինչը ուրիշ չէ, այլ սեփական է: Սեփական դիրքերի ու տարածքների պաշտպանությունը խիստ նեղ անձնական է դառնում` վերանալով ընդհանուր, ազգային շահերից: Պատահական և զարմանալի չէ, որ հայկական սփյուռքն իր թվով մի քանի անգամ գերազանցում է «պետական հայրենիքի» քաղաքացիների թվին: Սա պարզապես արտագաղթ չէ, այլ ազգային մտածելակերպ:
Հոգեբանը կոչ արեց ՀՀ իշխանություններին սթափվել, կամք և միջոցներ գտնել «խորքային հոգեբանական էությամբ» այս ժողովրդագրական հիմնախնդիրը լուծելու համար, այլապես «գերհամաշխարհային» և «ամենաշինարար» հայ ազգն իրեն ավելի լավ կզգա այնտեղ և այլոց մեջ, որտեղ չկան հայ ազգային խորհրդանիշներ, որտեղ վերջին հույս հանդիսացող «մերն ուրիշ է» կամ, նույնիսկ, «ուրիշը մերն է» արտահայտություններն անգամ կսպառեն իրենց` աշխարհը դարձնելով հայոց տունը, լավագույն դեպքում ևս մեկ հազարամյակ պետականությունը դարձնելով հայի երազանք։

No comments: