Wednesday, January 25, 2012

Տեր Վահրամ. Վրաց եկեղեցու հայտարարությունը Սուրբ Նշան եկեղեցու վերաբերյալ բացարձակապես անհասկանալի է Մայր Աթոռի համար

News,am. 25-12012- Վրաց պատրիարքարանի հունվարի 22-ի հայտարարությունը, որում արտահայտված է հայկական Սուրբ Նշան եկեղեցու պատկանելիությունը վիճելի նկատելու Վրաց եկեղեցու մոտեցումը, բացարձակապես անհասկանալի է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Ըստ Տեր Վահրամի, Վրաց պատրիարքարանի հայտարարությունն անհասկանալի է այն պարագայում, երբ եկեղեցու հաստատման վիմագիր արձանագրությունն ուղղակի փաստում է դա. «...Շնորհօք Սուրբ Հոգւոյն եղեւ հիմնարկումն եւ շինումն Սուրբ Նշանի եկեղեցոյս թվին ԼՃԾԲ (1703) ի թագաւորութեան Լէվան խանին եւ իւր որդւոցն, ի հայրապետութեան Տեառն Նահապետին: Ես` Մէլիք Կիօրկիս, որդի տանուտէր Ասլամազի, շինեցի զտաճարս զայս, որ յանուն սուրբ Նիկողայոսի, յիշատակ ինձ եւ ծնողացս..»: Տեր Վահրամը նաեւ նշեց, որ Թբիլիսիի Ս. Նշան եկեղեցում հունվարի 9-ին կատարվածը Վրաստանի պատկան մարմինների անուշադրության հետեւանք է: «Դեռեւս Վրաստան Հովվապետական այցի ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսը վրաց իշխանությունների եւ Վրաց եկեղեցու ուշադրությանն էր հանձնել եկեղեցու փլուզման վտանգը: Ինչպես գիտեք, խնդրի ուսումնասիրման համար Հայաստանի մշակույթի նախարարության կողմից ներկայացուցիչ էր գործուղվել Թբիլիսի, ուր Վրաստանի մշակույթի նախարարության մասնագետների հետ կատարված ուսումնասիրությունից հետո որոշում էր կայացվել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կանխելու եկեղեցու հետագա փլուզումը, ինչը Մայր Աթոռը ողջունում է եւ կարեւորում»: Տեր Վահրամը նաեւ նշեց, որ Սուրբ Նշան հայկական եկեղեցին գործող է եղել մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը, ինչը փաստված է բազում վավերագրերով: Նրա դիտարկմամբ, անընկալելի է նաեւ հայտարարության մեջ տեղ գտած համաչափության սկզբունքով «եկեղեցիների փոխանցումը Վրաց եկեղեցուն Հայաստանում, Լոռի-Տաշիրի թեմում» արտահայտությունը. «Մայր Աթոռ Ս. Էջմիածինը շատ հստակ կերպով արտահայտվել է, որ Հայոց եկեղեցին եւ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ամեն ջանք գործադրել, որպեսզի Հայաստանում վրաց համայնքն իր լիարժեք հոգեւոր կյանքը կազմակերպի, եւ նպաստել այդ առնչությամբ խնդիրների հաղթահարմանը, եթե այդպիսիք համայնքի կյանքում առկա են: Մայր Աթոռը նույն վերաբերմունքն ակնկալում է նաեւ Վրաց եկեղեցու եւ Վրաստանի իշխանությունների կողմից Վրաստանում հայ համայնքի եւ Վիրահայոց թեմի հանդեպ»: Նշենք, որ օրերս Վրաց ուղղափառ եկեղեցին հանդես էր եկել հետեւյալ հայտարարությամբ. «Ինչպես հայտնի է, որ Ամանորին Թբիլիսիի հին թաղամասում Սուրբ Նիկողայոս չգործող եկեղեցում, որը հայերն անվանում են Սուրբ Նշան, հրդեհ էր բռնկվել, որի արդյունքում եկեղեցին տուժել է: Այս փաստը հարուցում է մեր մտահոգությունը: Ցավալի է, որ այդ իրադարձության առնչությամբ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունում տեղ են գտել անճշտություններ: Վրաց պատրիարքարանը կարծում է, որ առաջին հերթին եկեղեցում պետք է կատարվեն ամրացման աշխատանքներ, այնուհետեւ պետք է ստեղծվի համատեղ հանձնաժողով, որը կիրականացվի հնագիտական ուսումնասիրություններ եւ տրամադրի համապատասխան եզրակացություն: Այդ ուսումնասիրություններում պարտադիր պետք է մասնակցեն ինչպես Վրաստանի պատրիարքարանի, այնպես էլ հայկական կողմի ներկայացուցիչները, որպեսզի անկողմնակալ որոշեն տաճարի ծագումը, եւ հետեւաբար նրա պատկանելության հարցը: Համապատասխան կերպով պետք է գիտականորեն ուսումնասիրվեն մնացած վիճելի տաճարները, որից հետո, հավասարության սկզբունքով, պետք է տեղի ունենա Հայաստանի տարածքում` Լոռի-Տաշիրի թեմի տաճարների հանձնումը Վրացական պատրիարքարանին, իսկ Վրաստանում գտնվող տաճարները` հայկական կողմին»: Հատկանշական է, որ իր հայտարարության մեջ Վրաց պատրիարքարանը հիշատակում է Վրաց եկեղեցին եւև իր Լոռի-Տաշիրի թեմը, մինչդեռ շրջանցում է «Հայ Առաքելական եկեղեցի» եւ «Վիրահայոց թեմ» արտահայտությունների գործածությունը եւ հիշատակում է «հայկական կողմ» արտահայտությունը:

No comments: