Sunday, January 29, 2012

Եվրոպացիները թուրքերին կամ դուրս են հանում, կամ` պատժում. քաղաքագետ

Tert.am. 28-1-2012- Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գրեթե վստահ է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վրա ֆրանսիացիների հետ միասին աշխատում են գերմանացիները: «Այս ալիքը շարունակվելու է: Կարծում եմ, որ եվրոպացիները թուրքերին կամ դուրս են մղում Եվրոպայից, կամ զսպում են նրանց, կամ պատժում են: Բայց Եվրոպայում աշխատուժի խնդիր կա այս երկրներում ծնելիության խնդիր էլ կա: Իսկ այսօր թուրքերը դինամիկ զարգացող երիտասարդություն ունեն: Եվրոպան ու Հայաստանը ունեն դեմոգրաֆիական խնդիր որ չեն կարողանում լուծել, իսկ Թուրքերը հաջողությամբ դա անում են»,- ասաց նա: Քաղաքագետը հարկ է համարում չմոռանալ նաև Ռուսաստանի գործոնը և այն որ այսօր Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները մերձենում են: «Պատմության ընթացքում երկու անգամ Թուրքիան չքանալու ճանապարհին է կանգնել և երկու անգամն էլ փրկվել է ռուսական զենքով ու օժանդակությամբ»,- նկատեց նա: «Եթե Արցախի հարցում Ռուսաստանը քայլեր անի մեր շահերի դեմ գնալ, ապա Հայաստանն իր քաղաքական կողմնորոշման մասին պետք է մտածի»,- ասաց քաղաքագետը: Լևոն Շիրինյանի համոզմամբ` Հայաստանը պետք է փորձի ֆրանսիական գործը սկել նաև Ռուսաստանում և աշխատանքներ տանել, որպեսզի նման օրինագիծ ընդունվի նաև այնտեղ: Ըստ քաղաքագետի դա կլիներ Հայաստանի անվտանգության երաշխիքներից մեկը:

No comments: