Friday, January 27, 2012

Քվանչը զենքն ուղղեց հայազգի Սեւակի վրա եւ կրակեց. թուրք զինվորի սկանդալային խոստովանությունը

News.am. 27-1-2012- Թուրքիայի Բաթման նահագի Քոզլուքի շրջանի զորամասերից մեկում ապրիլի 24-ին թուրք զինծառայակցի կողմից սպանված ստամբուլահայ Սեւակ Շահին Բալըքչի դատավարության ժամանակ սպանության ականատես զինվորը խոստովանել է, որ նախկինում սխալ վկայություն է տվել: Թուրքական Sabah-ի փոխանցմամբ` ապրիլի 24-ին զորամասի այն հատվածում, երբ տեղի է ունեցել սպանությունը, գտնվել է նաեւ Հալիլ Էքշին, ով զինծառայությունն ավարտելուց հետո խոստովանել է, թե սխալ վկայության տակ է ստորագրել, որն էլ ընթերցվել է դատարանում: Հալիլ Էքշին պնդել է, թե դատավարությունից առաջ իր հետ կապնվել է Սեւակին սպանած Քվանչ Աղաօղլուի հորեղբայր ներկայացած ոմն Բյուլենթ Քայա, ով ասել է, թե լավ կլինի, եթե ինքը վկայություն տա Քըվանչի օգտին: Այնուհետ Բյուլենթը նրան է տվել մի թուղթ, որի տակ էլ ինքը ստորագրել է: 2011-ի Սեպտեմբեր 9-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ կարդացվել է Էքշիի ստորագրությամբ թուղթը, որի մեջ նշվել է, թե ինքը չի տեսել թե ինչպես է տեղի ունեցել կրակոցը, սակայն համոզված է, որ այն պատահաբար է եղել: Այս դատական նիստից հետո Սեւակի փաստաբաննները բողոքել են` նշելով, թե նման դատական գործերին վկան չի կարող գրավոր վկայություն տա եւ անհրաժեշտ է նրա բանավոր վկայությունը, որից հետո դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած դատական նիստին էլ Էքշին խոստովանել է տեղի ունեցածը: «Երբ պահակակետում աշխատում էինք, Քվանչը լիցքավորեց հրազենը` ուղղելով Սեւակի կողմ` կրակեց: Սակայն չգիտեմ, թե ինչո՞ւ նա սպանեց Սեւակին»,-ասել է ականատես զինվորը: Նշենք, որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։ Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում, հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո ականատես մի զինվոր մոտեցել է իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»: Սակայն դատին ներկա մյուս զինվորականները հերքել են այս խոսքերը: Ռազմական դատախազության կողմից պատրաստված մեղադրականում Քվանչ Աղաօղլուի համար պահանջվում է ընդամենը 9 տարվա ազատազրկում՝ «անփոթության հետեւանքով մարդ սպանելու համար»:

No comments: