Friday, January 27, 2012

Անկարան չի շտապում Փարիզի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցում. Բաբաջան

Tert.am. 26-1-2012- Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, թե Անկարան չի շտապում Փարիզի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցում։ «Թուրքիան չի շտապում Ֆրանսիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցում, քանի որ այդ երկրի Սենատի կողմից ընդունված «Հայոց ցեղասպանության» ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը դեռևս այդ հարցի առնչությամբ Փարիզի վերջնական որոշումը չէ»,– ասել է Բաբաջանը և հավելել, թե տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցում Թուրքիան սպասողական դիրքորոշում է որդեգրել։ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում): Վերոնշյալ քվեարկությունից առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, թե օրինագծի ընդունումը շատ ծանր հետևանքներ է ունենալու թուրք–ֆրանսիական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների համար։ Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Օրինագիծը, ուժի մեջ մտնելու համար, պետք է ստորագրվի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից։ Հունվարի 25–ին հայտնի դարձավ, որ օրինագծի դեմ հանդես եկած սենատորները պատրաստվում են Սենատի որոշումը բողոքարկել Սահմանադրական դատարանում և անհրաժեշտ ստորագրություններ են հավաքում։ Բաբաջանն ընդգծել է, թե Թուրքիան սպասելու է վերոնշյալ օրինագծի շուրջ զարգացումներին, ապա համապատասխան քայլեր է ձեռնարակելու։

No comments: